Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 32. Առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանման գրանցումը և գրանցումը մերժելու հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանման գրանցումը և գրանցումը մերժելու հիմքերը

1. Առևտրային կազմակերպության, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպության գրանցման ժամանակ սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հետ ներկայացվում է նաև իրավաբանական անձի նախընտրելի ֆիրմային անվանումը:

2. Ներկայացված ֆիրմային անվանման գրանցումն իրականացվում է տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպության գրանցման հետ միաժամանակ:

3. Կազմակերպության անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման դեպքում իրավաբանական անձը նախընտրելի ֆիրմային անվանման գրանցման հայտը իրավունք ունի ներկայացնելու նախօրոք: Եթե ֆիրմային անվանումը սույն հոդվածով նախատեսված կարգով համարվում է թույլատրելի, ապա այն երեսուն օր պահպանվում է տվյալ իրավաբանական անձի համար: Իրավաբանական անձը պարտավոր է երեսնօրյա ժամկետում ներկայացնել անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, հակառակ դեպքում անունը կրկին հասանելի է դառնում այլ անձանց կողմից գրանցման համար, և վճարված պետական տուրքը չի վերադարձվում:

4. Տեղեկատվական համակարգում ֆիրմային անվանումը մուտքագրելուց հետո ինքնաշխատ կերպով ստուգվում է սույն օրենքով նախատեսված՝ ֆիրմային անվանումը գրանցելը մերժելու հիմքերի առկայությունը, այդ թվում` մուտքագրված ֆիրմային անվանումը համադրվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիրմային անվանումների շտեմարանի հետ:

5. Ֆիրմային անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անմիջապես:

6. Ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է, եթե որպես ֆիրմային անվանում ներկայացված անվանման տարբերակող նշանակություն ունեցող անունը`

1) նույնական է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.

2) նույնական է կամ ամբողջությամբ ներառում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների անվանումները.

3) վերարտադրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը.

4) պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, հակասում է մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:

7. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու դեպքում հնարավորություն է տրվում փորձելու այլ անվանում, և այդ դեպքում հավելյալ պետական տուրք չի գանձվում:

8. Մերժման մասին առանձին որոշումը տրամադրվում է միայն դիմողի պահանջով մերժումից հետո` մեկօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված գրավոր մերժումը տրամադրվում է համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով, որը ենթակա չէ վերադարձման:

9. Մերժման մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորում: Այն ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրության միջոցով և ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

10. Եթե առաջադրվող ֆիրմային անվանումը պարունակում է բառեր և անվանումներ, որոնց օգտագործման համար օրենքով նախատեսված է համապատասխան թույլտվության կամ հավաստման ներկայացման պահանջ, ապա նախընտրելի ֆիրմային անվան հետ ներկայացվում է նաև համապատասխան թույլտվությունը կամ այլ փաստաթուղթ: Համապատասխան թույլտվությունը կամ այլ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում անվան գրանցումը մերժվում է անմիջապես:

11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված դեպքում անվան հաստատումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ գործակալության աշխատակիցների կողմից համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու միջոցով:

(32-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-30-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։