Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 36. Իրավաբանական անձանց պետական գրանցման մերժման հիմքերը և կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36. Իրավաբանական անձանց պետական գրանցման մերժման հիմքերը և կարգը

1. Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքերն են`

1) իրավաբանական անձի կազմավորման` օրենքով սահմանված կարգի խախտումը.

2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.

3) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի.

4) նոր գրանցվող (ստեղծվող) առևտրային կազմակերպության հիմնադրի, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարի` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված և դատվածությունը մարված կամ վերացված չլինելը.

5) անվանման անհամապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին, եթե անվանման գրանցումը մերժվել է, և անձը չի ներկայացրել այլ անվանում.

6) ռեդոմիցիլացման նպատակով դիմել է այն պետության իրավաբանական անձ, որը նշված է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների ցանկում, որոնց իրավաբանական անձինք չեն կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

2. Առևտրային կազմակերպությունների կանոնադրության անհամապատասխանությունն օրենքին հիմք չէ իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար:

3. Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժելն արգելվում է:

4. Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով: Եթե սույն օրենքով, առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով սահմանված են պետական գրանցման այլ ժամկետներ, ապա մերժումը կարող է կատարվել այդ ժամկետներում:

5. Պետական գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը, ինչպես նաև վճարված պետական տուրքը և սույն օրենքով նախատեսված այլ վճարները չեն վերադարձվում:

6. Իրավաբանական անձի պետական գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են իրավաբանական անձը ստեղծելիս, կամ որոնց հակասում է ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:

7. Իրավաբանական անձի գրանցման մերժումը ստորագրվում է գործակալության աշխատակցի կողմից էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

8. Հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցման մերժման մասին որոշումը թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով ստորագրում է գործակալության ղեկավարը:

9. Մերժման մասին որոշումը ընդունված է համարվում այն դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից:

(36-րդ հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-207-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-30-Ն, 09.06.22 ՀՕ-173-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։