Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 42. Փոփոխությունների պետական գրանցման կարգը և ժամկետները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 42. Փոփոխությունների պետական գրանցման կարգը և ժամկետները

1. Սույն օրենքի 39-41-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերը գործակալության պաշտոնական կայքի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու ձևով՝ Նախարարի հրամանով սահմանված կարգով:

2. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան փոփոխության պետական գրանցումը:

3. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել փոփոխությունների պետական գրանցման այլ ժամկետներ:

4. Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա մերժման հիմքեր չհայտնաբերելու դեպքում փոփոխությունների պետական գրանցումն իրականացվում է անմիջապես:

5. Գործակալությունում ստուգվում են ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին, բացառությամբ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության դրույթների: Առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) համապատասխանությունն օրենքի պահանջներին չի ստուգվում: Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) ամբողջականությունն ու սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդության մասին դրույթների առկայությունը:

6. Ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո փոփոխությունների պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով փոփոխությունների մասին գրառում է կատարվում պետական միասնական գրանցամատյանում:

7. Փոփոխությունները համարվում են կատարված դրանք գրանցամատյանում գրառելու պահից: Գրանցամատյանում փոփոխությունների գրառումը հավաստվում է գրանցամատյանի համապատասխան քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու դեպքում: Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը): Սույն մասով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող` միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ` բոլոր փոփոխությունների նկարագրությունը և դրանց իրականացման ամսաթիվը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:

8. Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությանը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությանը կցվում է նշաթերթ, որը բովանդակում է իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման տարին, ամիսը, օրը և համապատասխան փոփոխության բնույթն ու հերթական համարը։

(42-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.01.21 ՀՕ-40-Ն, փոփ. 17.01.23 ՀՕ-9-Ն)

(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։