Հոդված 44. Վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 44. Վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
1. Միաձուլման դեպքում`
1) միաձուլվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն միաձուլվող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը,
դ. միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,
ե. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
զ. փոխանցման ակտերը,
է. միաձուլման պայմանագիրը,
ը. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
2. Միացման դեպքում`
1) միացող իրավաբանական անձը (անձինք) ներկայացնում է (են)`
ա. դիմում, որում պետք է նշվեն միացող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
բ. կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
գ. փոխանցման ակտ(եր)ը,
դ. միացման պայմանագիրը (պայմանագրերը),
ե. միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,
զ. միացող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
է. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
3. Բաժանման դեպքում`
1) բաժանվող իրավաբանական անձը (անձինք) ներկայացնում է (են)`
ա. դիմում, որում պետք է նշվեն բաժանվող իրավաբանական անձի գրանցման համարը և անվանումը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) բաժանման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորած անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը,
դ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
ե. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,
զ. բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
է. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
4. Առանձնացման դեպքում`
1) առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն առանձնացող իրավաբանական անձի գրանցման համարը և անվանումը,
բ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
գ. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,
դ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
ե. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը,
դ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
ե. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
զ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
է. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը:
5. Վերակազմավորման դեպքում`
1) վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորած անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը,
դ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
ե. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
զ. վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,
է. փոխանցման ակտը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
6. Վերակազմակերպվող առևտրային կազմակերպությունները ներկայացնում են մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր), բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց մասնակիցների ռեեստրը վարում է պետական ռեգիստրը:
7. Վերակազմակերպմանը մասնակցող բոլոր իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:
8. Իրավաբանական անձանց միացման կամ միաձուլման պետական գրանցման դիմումին կից ներկայացվում է նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ տվյալ միացումը կամ միաձուլումը չի հակասում «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
9. Ոչ առևտրային կազմակերպությունները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետով և 2-րդ մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված փաստաթղթերը չեն ներկայացնում:
(44-րդ հոդվածը լրաց. 16.01.18 ՀՕ-86-Ն, փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-40-Ն, փոփ.17.01.23 ՀՕ-9-Ն, 03.07.25 ՀՕ-213-Ն)
(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)