Հոդված 49. Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը մերժելը
Հոդված 49. Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը մերժելը
1. Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը գործակալությունը մերժում է, եթե`
1) խախտվել է լուծարման՝ օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգը.
2) ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքի պահանջներին:
2. Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցման մերժման հիմքեր հայտնաբերելու դեպքում անձի դիմումն ընդունելու օրվանից հետո` երկօրյա ժամկետում, լուծարման համար դիմած անձն «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ իր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի միջոցով տեղեկացվում է առկա թերությունների մասին, և այդ անձին հնարավորություն է տրվում մեկօրյա ժամկետում շտկել թերությունները կամ տրամադրել հավելյալ տեղեկատվություն կամ փաստաթղթեր, որից հետո իրականացվում է պետական գրանցումը:
3. Եթե անձը հրաժարվում է շտկել սխալ տեղեկատվությունը կամ հավելյալ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կամ փաստաթղթեր, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում անձի դիմումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով:
4. Գրանցման մերժման մասին որոշումը հաստատվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեին: Մերժման մասին որոշումը հասանելի է դառնում նաև համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
(49-րդ հոդվածը լրաց. 04.12.25 ՀՕ-422-Ն)