Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 9. Գրանցամատյանի և գրանցման էլեկտրոնային լինելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Գրանցամատյանի և գրանցման էլեկտրոնային լինելը

1. Գործակալությունում պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային են:

2. Գործակալության կողմից իրականացվող գործառույթների հետ կապված փաստաթղթերը, ներառյալ` գրանցամատյանից տրամադրվող քաղվածքները, պետական գրանցման և պետական հաշվառման մերժման մասին որոշումները և այլ փաստաթղթեր կազմվում են էլեկտրոնային փաստաթղթերի ձևով: Կանոնադրությանը, կանոնադրության փոփոխությանը կամ լրացմանը (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությանը), կուսակցության ծրագրին, փոխանցման ակտին ու բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին կից ստեղծվում է պետական ռեգիստրի՝ էլեկտրոնային կնիքով հավաստված նշաթերթ, որում կատարվում է տվյալ պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում: Գրառման բովանդակությունը և այն կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ՝ Նախարար)։

3. Էլեկտրոնային փաստաթղթերը ուղարկվում են դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի են դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը տեղեկատվական համակարգ մուտքագրելու պայմանով:

4. Դիմողի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով անձին տրվում է էլեկտրոնային փաստաթղթի արտատպումը (պատճենը): Այս դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

4.1. Գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա տրվող տեղեկանքների, ինչպես նաև կանոնադրությունների պատճենների վրա գործակալության աշխատակցի ստորագրությունը և դրոշմակնիքը կարող են փոխարինվել համակարգի միջոցով գեներացվող համարանիշով և (կամ) արագ արձագանքման ծածկագրով:

4.2. Սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված փաստաթղթերի իսկության ստուգումը կատարվում է սույն հոդվածի 4.1-ին մասով ամրագրված համարանիշը մուտքագրելով Նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները` արագ արձագանքման ծածկագրի միջոցով:

5. Դիմողի` իրավաբանական անձի լիազորված անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի պահանջով պետական գրանցման և պետական հաշվառման յուրաքանչյուր դեպքի համար էլեկտրոնային փաստաթղթերի և գրանցամատյանից քաղվածքի թղթային կրիչի վրա հաստատված պատճենը տրամադրվում է անվճար:

(9-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն, խմբ., փոփ. 17.01.23 ՀՕ-9-Ն)

(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։