Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 11 · ԾՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 62. Ծնողական իրավունքների վերականգնումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 62. Ծնողական իրավունքների վերականգնումը

1. Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձևը և (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը։

2. Ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով՝ ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա։ Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։

3. Ծնողական իրավունքների վերականգնման մասին դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաև երեխային ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու մասին պահանջը։

4. Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է` հաշվի առնելով նրա կարծիքը։

Դատարանը, հաշվի առնելով երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժելու ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի լավագույն շահերին:

Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, և որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:

(62-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն)

(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 63. Ծնողական իրավունքների սահմանափակումը

1. Ելնելով երեխայի լավագույն շահերից՝ դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ: Այդ վճռում, ելնելով հայցում ներառված լինելու հանգամանքից, դատարանը կարող է անդրադառնալ նաև՝

1) ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու հարցին.

2) ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու դեպքում երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակելիս՝ խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքների և պարտականությունների շրջանակին.

3) ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու հարցին՝ հաշվի առնելով մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը խնամատար ընտանիք տեղավորելու հնարավորության մասին.

4) ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և նրան շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում տեղավորելու հարցին:

2. Ծնողական իրավունքների սահմանափակում կարող է կիրառվել այն դեպքում, երբ ծնողը, համաձայն իր գրավոր կամ բանավոր հայտարարության, չի ցանկանում կատարել կամ փաստացի չի կատարում ծնողական պարտականությունները կամ վտանգում է երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը կամ մտավոր զարգացումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հիմքերը:

2.1. Ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխայի բնակության վայրի համայնքի սոցիալական աշխատողը կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարն իր նախաձեռնությամբ երեխայի ծնողի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի հետ համատեղ երեխայի պաշտպանության պլանի շրջանակում աջակցում է ծնողական իրավունքներում սահմանափակված ծնողին հաղթահարել ծնողական իրավունքների սահմանափակման հիմք հանդիսացող խնդիրները և դժվարությունները:

2.2. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո խնամակալության և հոգաբարձության մարմինն այդ մասին տեղեկացնում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին:

2.3. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն փոխում իրենց վարքագիծը կամ չեն կատարում դատարանի վճռով սահմանված պահանջները, ապա մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել դատարան ծնողական իրավունքներից զրկելու մասին: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի լավագույն շահերից:

3. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող են ներկայացնել երեխայի ծնողը, մերձավոր ազգականը, երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը, ինչպես նաև այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված է երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություն:

4. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի ու երեխայի օրինական ներկայացուցչի, ներառյալ՝ այն շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինող անձի պարտադիր մասնակցությամբ, որտեղ իրականացվում են երեխայի խնամքն ու դաստիարակությունը։

5. Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող և երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմիններ:

(63-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, 22.10.25 ՀՕ-363-Ն)

(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 64. Ծնողական իրավունքների սահմանափակման հետևանքները

1. Ծնողները, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կորցնում են երեխային անձամբ դաստիարակելու իրավունքը, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնություններ ու պետական նպաստներ ստանալու իրավունքը։

2. Ծնողական իրավունքների սահմանափակումը ծնողներին չի ազատում երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից։

3. Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում՝ բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ծնողների և այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները (ընդ որում՝ ժառանգություն ստանալու իրավունքը):

4. Ծնողների ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների խնամքին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։