Հոդված 3. Օրենքի նպատակներն ու խնդիրները
Հոդված 3. Օրենքի նպատակներն ու խնդիրները
1. Սույն օրենքի նպատակն է իրավական հիմքեր ապահովել՝
1) ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման և իրականացման համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների և հանձնառությունների.
2) կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման և իրականացման համար, ներառյալ կլիմայի փոփոխության հետևանքներից բնակչության, տնտեսության և ենթակառուցվածքների պաշտպանությունը և դրանց դիմակայունության ամրապնդումը:
2. Սույն օրենքի խնդիրներն են՝
1) ձևավորել կլիմայական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունքների գնահատման, այդ գործընթացների համակարգման և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգը, ամրագրել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները.
2) նպաստել կլիմայական քաղաքականության իրականացման համար կայուն ֆինանսական հոսքերի ձևավորմանը՝ գործող և նորարարական մեխանիզմների շարունակական կիրառման միջոցով.
3) հիմքեր ապահովել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (այսուհետ' կոնվենցիա) ներքո ընդունված Փարիզյան համաձայնագրով (այսուհետ' համաձայնագիր) նախատեսված թափանցիկության ընդլայնված շրջանակին համապատասխան չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի կայացման և շարունակական զարգացման համար.
4) նպաստել շրջակա միջավայրի, բնակչության, մարզերի, համայնքների, տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների կարողությունների զարգացմանը՝ հարմարվելու կլիմայի փոփոխության ազդեցությանը և բարձրացնելու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը: