Հոդված 8. Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները
Հոդված 8. Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները
1. Ազգային մակարդակով սահմանված հանձնառություններով ամրագրվում են երկրի՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման թիրախները՝ համաձայնագրով սահմանված պահանջներով և պարբերականությամբ, ինչպես նաև թիրախներին հասնելու գործողությունները և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման մեխանիզմները: Ջերմոցային գազերի արտանետումների կրճատման թիրախներ կարող են սահմանվել նաև մեղմման առանձին ոլորտների համար:
2. Յուրաքանչյուր հաջորդ շրջափուլում Ազգային մակարդակով սահմանված հանձնառություններում ամրագրված թիրախները պետք է արտահայտեն ավելի բարձր հավակնություններ:
3. Ազգային մակարդակով սահմանված հանձնառություններում խորհրդի առաջարկությամբ կարող են կատարվել փոփոխություններ՝ հիմք ընդունելով՝
1) ժողովրդագրական կամ սոցիալ-տնտեսական էական փոփոխությունները.
2) կլիմայի փոփոխության վրա ազդեցություն ունեցող նոր գործոնի ի հայտ գալը կամ մեղմմանն ուղղված գիտատեխնիկական նորարարական լուծումների հասանելիությունը.
3) աղետի, համաճարակի, համավարակի, պատերազմի կամ այլ անհաղթահարելի ուժի հետևանքով Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների անիրագործելիությունը:
4. Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը հաստատում է Կառավարությունը: