Հոդված 19. Խորհրդի ձևավորման և գործունեության նկատմամբ պահանջները
Հոդված 19. Խորհրդի ձևավորման և գործունեության նկատմամբ պահանջները
1. Խորհրդի նախագահը վարչապետի որոշմամբ նշանակված փոխվարչապետն է:
2. Խորհուրդը բաղկացած է պետական մարմինների (ներառյալ խորհրդի նախագահը), հասարակական միավորումների (բացառությամբ գիտական կազմակերպություն հանդիսացող հասարակական միավորումների) և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:
3. Խորհրդի ներքո գործում են աշխատանքային խմբեր:
4. Աշխատանքային խմբերը բաղկացած են պետական մարմինների ներկայացուցիչներից և անկախ փորձագետներից՝ առավելագույնը պետական մարմինների ներկայացուցիչներին հավասար թվով:
5. Խորհրդի անդամ հասարակական միավորումների (բացառությամբ գիտական կազմակերպություն հանդիսացող հասարակական միավորումների) և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև աշխատանքային խմբերի անդամ փորձագետների ընտրությունն իրականացվում է մրցութային հիմունքներով:
6. Խորհրդի որոշումներն ընդունվում են քվեարկության արդյունքներով՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:
7. Խորհրդի քարտուղարության գործառույթների իրականացումն ապահովում է լիազոր մարմինը:
8. Խորհրդի և աշխատանքային խմբերի կազմերը, դրանց ձևավորման և գործունեության կարգերը հաստատվում են վարչապետի որոշմամբ:
9. Խորհրդի և աշխատանքային խմբերի անհատական կազմերը հաստատվում են խորհրդի նախագահ փոխվարչապետի որոշումներով: