Հոդված 21. Կլիմայական քաղաքականության ներկառուցումը հանրային ֆինանսների կառավարման համակարգում
Հոդված 21. Կլիմայական քաղաքականության ներկառուցումը հանրային ֆինանսների կառավարման համակարգում
1. Հանրային կլիմայական ֆինանսավորումը պետական բյուջեում հատկորոշվում է հանրային կլիմայական ծախսերի նշագրման գործընթացը բյուջետային գործընթացում ներկառուցելու միջոցով՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:
2. Համայնքները բյուջեի կլիմայական նշագրում իրականացնում են կամավորության սկզբունքով:
3. Բյուջետային գործընթացն սկսելուց հետո և բյուջետային ֆինանսավորման հայտերը մինչև հանրային ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմին ներկայացնելը առաջիկա տարվա քաղաքականության գերակայությունները և պետական մարմիններին հատկացվելիք ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակները քննարկվում են խորհրդի նիստում՝ հիմք ընդունելով նախորդ բյուջետային տարվա արդյունքներով լիազոր մարմնի պատրաստած հանրային կլիմայական ծախսերի և ինստիտուցիոնալ զեկույցը: Խորհրդի տրամադրած եզրակացությունը և դրա վերաբերյալ պարզաբանումները կցվում են պետական բյուջեի նախագծի փաթեթին:
4. Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք, ինչպես նաև արտաքին և ներքին այլ աղբյուրներից ստացվելիք վարկային և դրամաշնորհային, այդ թվում՝ տեխնիկական աջակցության միջոցների, ինչպես նաև այլ փոխառությունների հաշվին իրականացվելիք ծրագրային նախաձեռնությունները ներկայացվում են խորհրդի քննարկմանը: Խորհրդի եզրակացությունը ներառվում է փաթեթում և հաշվի է առնվում նախաձեռնությունների քննարկման և հաստատման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, դրանց իրականացման գործընթացներում:
5. Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք, ինչպես նաև արտաքին և ներքին այլ աղբյուրներից ստացվելիք վարկային և դրամաշնորհային, այդ թվում՝ տեխնիկական աջակցության միջոցների, ինչպես նաև այլ փոխառությունների հաշվին իրականացվելիք ծրագրային նախաձեռնությունների ընթացքի և գրանցված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները, ներառյալ ֆինանսական բացվածքը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում են լիազոր մարմին, այդ թվում՝ ծրագրերն իրականացնող գործընկեր կազմակերպությունների կողմից: