Հոդված 27. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը և կադաստրի վարումը
Հոդված 27. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը և կադաստրի վարումը
1. Ջերմոցային գազերի արտանետումների կադաստրը երկամյա պարբերականությամբ թարմացվող տվյալների շտեմարան է, որը ներառում է տարվա ընթացքում արտանետված ջերմոցային գազերի ծավալը ըստ ոլորտների և ջերմոցային գազերի տեսակների, ջերմոցային գազերի արտանետման աղբյուրների, ինչպես նաև մթնոլորտային օդից ջերմոցային գազերի կլանման ցուցանիշները, բացառությամբ պաշտպանության ոլորտի արտանետումների:
2. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումն իրականացվում է ազգային և տեղակայանքների մակարդակով:
3. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման և կադաստրի վարման նպատակով լիազոր մարմնին տվյալներ են տրամադրում՝
1) պետական կառավարման համակարգի մարմինները.
2) տեղական ինքնակառավարման մարմինները.
3) ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտները ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ տվյալները ներկայացնում են լիազոր մարմին ամենամյա պարբերականությամբ:
5. Լիազոր մարմինն ապահովում է տվյալների հավաքագրումը, մշակումը, համակարգումը, որակի վավերացումը (վալիդացումը) և որակի ստուգումը (վերիֆիկացումը) հավատարմագրված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից, տվյալների պահպանությունը, արխիվացումը, օգտագործումը և տարածումը՝ Կառավարության հաստատած ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման և կադաստրի վարման կարգին համապատասխան: