Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) կլիմա՝ եղանակի միջին վիճակ կամ համապատասխան փոփոխականների (այդ թվում՝ դիտարկվող ջերմաստիճան, տեղումներ, քամի) միջին արժեքի և փոփոխականության վիճակագրական նկարագրություն երկարաժամկետ կտրվածքով.
2) կլիմայի փոփոխություն՝ կլիմայի բնական տատանումներին զուգահեռ, համեմատելի ժամանակահատվածում մարդու ուղղակի կամ անուղղակի գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխություններ, որը հանգեցնում է մթնոլորտի բաղադրության փոփոխության.
3) ջերմոցային գազեր՝ մթնոլորտի՝ բնական և արհեստական (մարդածին) ծագում ունեցող գազանման բաղադրիչներ (ածխածնի երկօքսիդ (CO2), մեթան (CH4), ազոտի ենթօքսիդ (N2O), հիդրոֆտորածխածիններ (HFC-ներ), պերֆտորածխածիններ (PFC-ներ), ծծմբի հեքսաֆտորիդ (SF6) և ազոտի տրիֆտորիդ (NF3)), որոնք կլանում և վերարտացոլում են ինֆրակարմիր ճառագայթումը.
4) ջերմոցային գազերի արտանետման աղբյուր՝ ցանկացած գործընթաց, գործունեություն կամ մեխանիզմ, որը մթնոլորտ է արտանետում ջերմոցային գազ, աերոզոլ կամ ջերմոցային գազի պրեկուրսորներ.
5) պրեկուրսոր՝ քիմիական միացություն, որը մասնակցելով քիմիական ռեակցիաների, առաջացնում է ջերմոցային գազերից որևէ մեկը.
6) կլանիչ՝ ցանկացած գործընթաց, գործունեություն կամ մեխանիզմ, որը մթնոլորտից հեռացնում է ջերմոցային գազը, աերոզոլը կամ ջերմոցային գազի պրեկուրսորները.
7) խոցելիություն՝ շրջակա միջավայրի, այդ թվում՝ ենթակառուցվածքների հակվածությունը ենթարկվելու կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցության՝ պայմանավորված դրանց ազդակրությամբ, զգայունությամբ կամ դիմակայելու կամ հարմարվելու կարողության պակասով.
8) կորուստ և վնաս՝ կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքներից առաջացող կորուստները և վնասները, ներառյալ ծայրահեղ եղանակային երևույթների և դանդաղ ընթացող երևույթների, ինչպիսիք են ծովի մակարդակի բարձրացումը, ջերմաստիճանի բարձրացումը, աղակալումը, հողերի և անտառների դեգրադացիան, կենսաբազմազանության կորուստը և անապատացումը.
9) կլիմայական ռիսկ՝ կլիմայի փոփոխության, ներառյալ ծայրահեղ եղանակային երևույթների և դանդաղ ընթացող երևույթների հետևանքով շրջակա միջավայրի, այդ թվում՝ ենթակառուցվածքների վրա անբարենպաստ ազդեցության, ներառյալ դրանց հետ կապված սոցիալ-տնտեսական և բնապահպանական հետևանքների ներուժը.
10) կլիմայական քաղաքականություն՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունները.
11) մեղմում՝ տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների ամբողջություն՝ ուղղված ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը կամ կլանիչների ընդլայնմանը կամ զարգացմանը.
12) հարմարվողականություն՝ կլիմայի փաստացի և կանխատեսվող փոփոխությանը հարմարվելու կարողություն՝ վնասները նվազեցնելու, անբարենպաստ հետևանքները մեղմելու և հնարավորություններից օգտվելու համար.
13) մեղմման ոլորտներ՝ կոնվենցիայով սահմանված ոլորտներ՝ էներգետիկա (ներառյալ էներգիայի արտադրություն և սպառում), արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի օգտագործում (հանքային արդյունաբերություն), գյուղատնտեսություն (աղիքային խմորում, ուղղակի և անուղղակի արտանետումներ կառավարվող հողերից), թափոններ (կոշտ կենցաղային թափոնների կառավարում, կեղտաջրեր), անտառային տնտեսություն (անտառապատում, անտառավերականգնում, անտառների պահպանություն և պաշտպանություն) և այլ հողօգտագործում.
14) հարմարվողականության ոլորտներ՝ բնական էկոհամակարգեր (ջրային և ցամաքային, ներառյալ անտառային էկոհամակարգեր, կենսաբազմազանություն և հողածածկույթ), մարդու առողջություն, ջրային ռեսուրսներ, գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն, էներգետիկա, բնակավայրեր և ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն.
15) չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգ՝ ջերմոցային գազերի արտանետումների և կլանումների, կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունների և միջոցառումների, կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության ու հարմարվողականության, ինչպես նաև կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման վերաբերյալ տվյալների հավաքագրման, գնահատման, փաստաթղթավորման և հաշվետվողականության, ինչպես նաև այդ տվյալների հետ կապված գործառույթներ իրականացնող պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ինստիտուցիոնալ, իրավական և ընթացակարգային հարաբերությունների ամբողջություն.
16) կլիմայական ծրագիր՝ միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ցանկացած ծրագիր, որն ուղղված է կամ նպաստում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, կլանիչների ընդլայնմանը կամ զարգացմանը կամ կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության ամրապնդմանը.
17) կլիմայական ֆինանսավորում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աղբյուրներից ստացված ֆինանսավորում, որի նպատակն է աջակցել կլիմայի փոփոխության մեղմմանը, հարմարվողականությանը, կորստի և վնասի հասցեագրմանն ուղղված գործողություններին.
18) բյուջեի կլիմայական նշագրում` կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության, կորստի և վնասի հասցեագրման ծրագրերի ուղղությամբ պետական ու համայնքային բյուջեներից կատարված ու կատարվելիք ծախսերի հատկորոշում և դասակարգում.
19) ածխածին՝ սույն օրենքի իմաստով՝ միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանությանը համապատասխան հաշվարկված ջերմոցային գազերի քանակություն` արտահայտված ածխաթթու գազի համարժեքով.
20) ածխածնի շուկա՝ ջերմոցային գազերի արտանետումների քվոտաների առուվաճառքի համակարգ.
21) կլիմայական տեղեկատվություն՝ կլիմայական քաղաքականության խնդիրներին և բաղադրիչներին վերաբերող տեղեկություններ, այդ թվում՝ իրավական ակտեր, հիմնադրութային փաստաթղթեր, ուսումնասիրություններ, հաշվարկներ ու տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձևից և նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, էլեկտրոնային շտեմարաններ, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, քարտեզներ).
22) խորհուրդ՝ սույն օրենքի 4-րդ գլխով կարգավորվող խորհրդակցական մարմին.
23) թափանցիկության ընդլայնված շրջանակ՝ համաձայնագրով ստեղծված գլոբալ համակարգ, որը ներառում է հաշվետվողականության, միջազգային գնահատման, վերանայման, խորհրդակցությունների և վերլուծությունների ընթացակարգեր.
24) Ազգային մակարդակով սահմանված հանձնառություններ՝ համաձայնագրի 4-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված փաստաթուղթ.
25) լիազոր մարմին` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված, ներառյալ հարմարվողականության բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին: