Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը
Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ազատ է ծանոթացման համար:
Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա չեն, արգելվում է դրանցից լուսապատճեններ հանել, դրանք լուսանկարել կամ տեսանկարահանել:
2. Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր և 4 օր առաջ տեղադրում է համացանցում՝ www.police.am հասցեով: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան ներբեռնվելու հնարավորություն:
3. Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
4. Ընտրողների ցուցակի, այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ ցուցակի օրինակը քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև քվեարկությանը հաջորդող յոթերորդ օրը:
5. Զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից 10 օր առաջ փակցվում են զորամասում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում:
6. Համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում լիազոր մարմինը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին: