Հոդված 31. Դիտորդների և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրումը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների և այցելուների վկայականների տրամադրումը
Հոդված 31. Դիտորդների և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրումը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների և այցելուների վկայականների տրամադրումը
1. Սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:
2. Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդներին տրվող վկայականներն այդ կազմակերպություններին հանձնում է դիմումն ստանալուց հետո՝ 12 օրվա ընթացքում:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական նպատակները չեն բավարարում սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին:
5. Դիտորդի կողմից որևէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության աջակցելու, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:
6. Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում դիտորդների լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե ընտրության երկրորդ փուլ կամ վերաքվեարկություն չի նշանակվել: Ընտրության երկրորդ փուլի և վերաքվեարկության դեպքում դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում:
7. Այցելուներին վկայականներ տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա:
8. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները (այսուհետ` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներ) քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ:
Հավատարմագրվելու դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայականներն այդ զանգվածային լրատվության միջոցին է հանձնում դիմումն ստանալուց հետո՝ 12 օրվա ընթացքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրման մասին դիմումը, եթե այն չի բավարարում սույն հոդվածի պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին:
Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ տվյալ ներկայացուցիչը կարող է հեռացվել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից:
9. Դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, հավատարմագրման համար ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը և ներկայացման կարգը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այցելուների վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: