Հոդված 48. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելը
Հոդված 48. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելը
1. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Եթե ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը (անգործությունը) բողոքարկվել է և վարչական, և դատական կարգով, ապա վարչական վարույթը կարճվում է:
2. Դատական կարգով ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը (անգործությունը) կարող է բողոքարկել`
1) յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր՝ սույն օրենսգրքով սահմանված սուբյեկտիվ ընտրական իրավունքը.
2) վստահված անձը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը.
3) դիտորդը կամ այցելուն, եթե գտնում է, որ խախտվել է իր` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը.
4) զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը.
5) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդ կուսակցության կամ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը։
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, ներկայացվում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով` 2 օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին: Սույն պարբերությամբ նշված բողոքները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել աշխատանքային օրերին` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, իսկ քվեարկության նախորդ օրը` ժամը 9.00-ից մինչև 19.00-ն:
Քվեարկության օրվա ընթացքում կամ քվեարկության հաջորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները ներկայացվում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով` քվեարկության օրը ժամը 8.00-ից մինչև ժամը 22.00-ն, կամ քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 9.30-ը:
5. Ընտրությունների արդյունքներով տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան: Տարածքային ընտրական հանձնաժողովի այլ որոշումները, ինչպես նաև գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով օրացուցային 3 օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին: Սույն մասում նշված բողոքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել աշխատանքային օրերին` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, իսկ քվեարկության նախորդ օրը` ժամը 9.00-ից մինչև 19.00-ն, քվեարկության օրը՝ ժամը 8.00-ից մինչև ժամը 22.00-ն, քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ը: Եթե օրացուցային 3-րդ օրը լրանում է ոչ աշխատանքային օրը, բացառությամբ քվեարկության նախորդ, քվեարկության կամ քվեարկության հաջորդ օրերի, ապա բողոքը կարող է ներկայացվել հաջորդ աշխատանքային օրը` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները կարող են բողոքարկվել սահմանադրական դատարան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այլ որոշումները, ինչպես նաև գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական դատարան:
7. Տարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովներն ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը, ստացված դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ ընդունում են հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև քվեարկության սկիզբը: Քվեարկության օրվանից սկսած՝ մինչև արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ՝ ժամը 18.00-ն, ստացված դիմումներին տարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովները պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ ընդունում են մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, իսկ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ տարածքային ընտրական հանձնաժողովը` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ:
8. Սույն հոդվածի 9-15-րդ մասերով սահմանված են բացառություններ սույն հոդվածի 1-7-րդ մասերով սահմանված նորմերից:
9. Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի և կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը:
10. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել համապատասխանաբար միայն համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն:
11. Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում կարող է ներկայացվել միայն գրանցումն իրականացրած ընտրական հանձնաժողով: Դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն: Գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումը ընտրական հանձնաժողովը քննարկում և դրա վերաբերյալ որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 12-00-ն։
Սույն մասի առաջին պարբերությամբ նշված որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան 3 օրացուցային օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն: Վարչական դատարանը որոշում է կայացնում 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը։
12. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն միայն`
1) ընտրություններին մասնակցող կուսակցությունը, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն.
2) վստահված անձը, եթե քվեարկության օրը ներկա է գտնվել քվեարկության սենյակում կամ ներկա է գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփման նիստին.
3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, եթե արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին:
13. Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում իրավունք ունեն ներկայացնելու կուսակցությունը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն:
14. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով իրավասու անձի կողմից` քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 9.30-ը:
Եթե դիմումի քննարկման արդյունքով տարածքային ընտրական հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էապես ազդել քվեարկության արդյունքների վրա, և եթե հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները, ապա տարածքային ընտրական հանձնաժողովն այդ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչում: Այդ դեպքում նյութերն ուղարկվում են դատախազություն:
15. Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ընտրությունների արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել ընտրության արդյունքներն ամփոփելու համար սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ժամկետից առնվազն 2 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների քննարկումը կատարվում է ընտրությունների արդյունքների ամփոփման շրջանակում, և դրանց վերաբերյալ առանձին որոշում չի կայացվում: