Հոդված 14. Ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմումներ տալու, դիմումները քննարկելու և ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու կարգը
Հոդված 14. Ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմումներ տալու, դիմումները քննարկելու և ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու կարգը
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ, սույն օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում վերացնում է անճշտությունները՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Եթե դիմումը դիմողի անձին չի վերաբերում, ապա դիմումը բավարարելու դեպքում այդ մասին լիազոր մարմինը ծանուցում է azdarar.am համացանցային կայքի միջոցով:
2. Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրեն ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին տեղեկանք լիազոր մարմինը տրամադրում է այն անձանց, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից, ինչպես նաև այն անձանց, որոնք սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում:
Տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացման ենթակա` քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:
3. Ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով` համապատասխանաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Վերադաս լիազոր մարմինը կամ դատարանն ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ ակտը կայացնում է բողոքը (դիմումը) ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, իսկ քվեարկության և դրան նախորդող 3 օրվա ընթացքում՝ այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Վերադաս լիազոր մարմինը քվեարկության և դրան նախորդող 3 օրվա ընթացքում բողոքը (դիմումը) բավարարելիս դիմողին տրամադրում է տեղեկանք քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին: Ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ ակտը կատարում է լիազոր մարմինը: Քվեարկության օրն ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին ակտի հիման վրա ընտրողի տվյալները ներառվում են քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում` սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով` տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:
Դատարաններն ընտրողների ցուցակներում ընտրողներին ընդգրկելու վերաբերյալ դատական ակտի պատճենն ուղարկում են լիազոր մարմին` նաև ընտրողների ռեգիստրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
4. Ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որևէ փոփոխություն՝ ճշտում կամ լրացում կատարելու ընտրողների ցուցակներում (այդ թվում` լրացուցիչ ցուցակներում):