Հոդված 130. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը
Հոդված 130. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը
1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունները ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտական գործող ղեկավար մարմնի որոշման հիման վրա: Դիմումն ստորագրում է կուսակցության ղեկավարը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունների դաշինքները ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումն ստորագրում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները:
Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունները ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով` իրենց մշտական գործող ղեկավար մարմնի որոշման հիման վրա: Դիմումն ստորագրում է կուսակցության ղեկավարը: Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունների դաշինքները ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումը ստորագրում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները:
2. Յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրելու: Երևանի ավագանու ընտրության դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու, իսկ Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների դեպքում` առնվազն 15 թեկնածու: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել համապատասխանաբար Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների անդամի մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:
Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:
Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել այդ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:
3. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից ներկայացվում են՝
1) կուսակցության կանոնադրությունը (դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները).
2) կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշումը (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումները)՝ համապատասխանաբար Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններին ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.
3) ընտրական ցուցակը, որում համարակալմամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
4) տեղեկանք՝ թեկնածուի՝ համապատասխանաբար Երևանի, Գյումրու, Վանաձորի բնակչության ռեգիստրում սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետով հաշվառված լինելու մասին: Սույն կետում նշված տեղեկանքը տրամադրում է լիազոր մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը: Տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները.
5) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ համապատասխանաբար Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.
6) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ընտրական ցուցակը.
7) Երևանի ավագանու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը, Գյումրու և Վանաձորի ավագանիների դեպքում՝ 2 000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.
8) թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
4. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրություններին մասնակցելու մասին դիմումում նշվում են մինչև երեք լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը, պաշտոնը):
Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով ներկայացվում են միայն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչի միջոցով` առձեռն, սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:
5. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:
Ընտրական հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:
Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար:
Այդ ժամանակահատվածում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի դեպքում նրա անունը հանվում է ընտրական ցուցակից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: