Հոդված 41. Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները
Հոդված 41. Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները
1. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել սույն օրենսգրքի՝ համապատասխանաբար 42-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին համապատասխանող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:
2. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.6-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք: Տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման, քրեակատարողական ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները: Տարածքային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել նաև ավագանու անդամները:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք ունեցող և ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական ունեցող անձինք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի համար կարող է սահմանել որակավորման ավելի բարձր չափանիշներ, քան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար:
4. Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է այդ հանձնաժողովների անդամների ուսուցումը:
5. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների և Հայաստանի Հանրապետությունում գրանցված դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպում և անցկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր սահմանած կարգին համապատասխան: Դասընթացները կազմակերպվում են Երևանում և մարզերում տարին առնվազն մեկ անգամ՝ քաղաքացիների դիմումների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացրած ցուցակների հիման վրա: Ներկայացված ցուցակներում ընդգրկված, ինչպես նաև դիմում ներկայացրած անձինք մասնակցում են մասնագիտական դասընթացներին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես հրապարակված գրաֆիկին (օր, ժամ, վայր) համապատասխան: Նշված անձինք կարող են մասնակցել ստուգարքին՝ անկախ դասընթացին մասնակցելու հանգամանքից` հրապարակված գրաֆիկին համապատասխան: Որակավորման վկայականները տրվում են ստուգարքի հիման վրա: Ստուգարքն անցկացվում է համակարգչային կամ թեստային ստանդարտ եղանակով: Դասընթացների, ստուգարքի ընթացքին կարող են հետևել զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
6. Քաղաքացին միաժամանակ կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում:
7. Ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: