Հոդված 1000. Ապահովագրության պայմանագիրը կնքելիս ապահովագրվողի կողմից տրամադրվող տեղեկությունները
Հոդված 1000. Ապահովագրության պայմանագիրը կնքելիս ապահովագրվողի կողմից տրամադրվող տեղեկությունները
1. Ապահովագրության պայմանագիրը կնքելիս ապահովագրվողը պարտավոր է ապահովագրողին տեղեկություններ հայտնել ապահովագրական դեպքի վրա հասնելու և դրա արդյունքում հնարավոր վնասի չափը (ապահովագրական ռիսկը) որոշելու համար էական նշանակություն ունեցող ապահովագրվողին հայտնի հանգամանքների երևան գալու հավանականության մասին, եթե այդ հանգամանքները հայտնի չեն և չէին կարող հայտնի լինել ապահովագրողին:
2. Էական են ճանաչվում ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրի (ապահովագրական պոլիսի) ստանդարտ ձևի կամ նրա գրավոր հարցման մեջ որոշակիորեն վերապահված հանգամանքները:
3. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի որոշակի հարցերին ապահովագրվողի պատասխանների բացակայությամբ, ապահովագրողը չի կարող հետագայում պահանջել լուծելու պայմանագիրը կամ այն անվավեր ճանաչելու` վկայակոչելով ապահովագրվողի կողմից համապատասխան հանգամանքները չհայտնելու փաստը:
4. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո պարզվել է, որ ապահովագրվողը սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների մասին ապահովագրողին հայտնել է ակնհայտ սուտ տեղեկություններ, ապահովագրողն իրավունք ունի պահանջել անվավեր ճանաչելու պայմանագիրը և կիրառելու սույն օրենսգրքի 313 հոդվածի 2-րդ կետում նախատեսված հետևանքները:
5. Ապահովագրողը չի կարող պահանջել անվավեր ճանաչելու պայմանագիրը, եթե հանգամանքները, որոնց մասին ապահովագրվողը լռել է, արդեն վերացել են: