Հոդված 255. Գրավատուն հանձնված գույքի գրավ
Հոդված 255. Գրավատուն հանձնված գույքի գրավ
1. Անձնական օգտագործման շարժական գույքը քաղաքացիներից գրավ ընդունելը` ի ապահովումն կարճաժամկետ վարկերի, որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում են դրա համար թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությունները` գրավատները:
2. Գրավատանը պահվող գույքի գրավի պայմանագիրը ձևակերպվում է գրավատան կողմից գրավատոմս տալու միջոցով:
3. Գրավ դրվող գույքը հանձնվում է գրավատուն:
4. Գրավատունը պարտավոր է, հօգուտ գրավատուի, իր հաշվին ապահովագրել գրավ ընդունած գույքը դրա արժեքի լրիվ գումարով` գրավն ընդունելու պահին տվյալ տեսակի և որակի գույքի շուկայական գնին համապատասխան:
5. Գրավատունն իրավունք չունի օգտագործել և տնօրինել գրավ դրված գույքը:
6. Գրավատունը պատասխանատվություն է կրում գրավ դրված գույքի կորստի և վնասվածքի համար:
7. Գրավով ապահովված վարկի գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում գրավատունն իրավունք ունի այդ գույքն իրացնել (վաճառել) հրապարակային սակարկություններով: Դրանից հետո գրավատուի (պարտապանի) նկատմամբ գրավատան պահանջները մարվում են, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է դրանք լրիվ բավարարելու համար:
8. Գրավատների կողմից քաղաքացիներին պատկանող գույքի գրավով նրանց վարկավորման կանոնները սահմանվում են օրենքով:
9. Գրավատանը դրված գույքի գրավի պայմանագրի պայմանները, որոնք սահմանափակում են գրավատուի իրավունքները սույն օրենսգրքով և այլ օրենքներով նրան վերապահված իրավունքների համեմատությամբ, առոչինչ են: