Հոդված 33. Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան
Հոդված 33. Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան
1. Արգելվում է ներդրումային ծառայությունների մատուցումն առանց սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված լիցենզիայի, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
2. Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան տրվում է անժամկետ:
3. Լիցենզիան կամ դրանով նախատեսված իրավունքները չեն կարող գրավադրվել, փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:
4. Լիցենզիան տրամադրվում կամ ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:
5. Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան պարունակում է ներդրումային ընկերության լրիվ ֆիրմային անվանումը և գրանցման համարը, լիցենզիայով թույլատրվող ներդրումային ծառայությունների տեսակը կամ տեսակները, լիցենզիայի տրամադրման ամսաթիվը և համարը:
6. Լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
7. Ներդրումային ընկերությունների գրանցման և լիցենզավորման կարգը սահմանվում է բացառապես սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Այլ օրենքներով ներդրումային ընկերությունների լիցենզավորման վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները: