Հոդված 28. Ներդրումային ընկերությունները
Հոդված 28. Ներդրումային ընկերությունները
1. Ներդրումային ընկերությունը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, որի գործունեությունը ներդրումային ծառայությունների մատուցումն է՝ առանձին կամ ոչ հիմնական ծառայությունների հետ մեկտեղ:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով ներդրումային ընկերություններին թույլատրելու լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործունեությանը՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:
3. Ներդրումային ընկերություններին արգելվում է իրականացնել սույն հոդվածով չնախատեսված որևէ այլ գործունեություն, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով: Սույն սահմանափակման խախտումը ներդրումային ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմք է:
4. Ներդրումային ընկերության՝ որպես ֆինանսական խմբի անդամի գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(28-րդ հոդվածը լրաց. 12.11.15 ՀՕ-137-Ն)