Հոդված 112. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին
Հոդված 112. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին
1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն և Բյուրոն, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:
2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն պարտավոր են դատարանի որոշումն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը՝ փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում: Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին և Բյուրոյին արգելվում է իր հաճախորդներին (Բյուրոյի դեպքում` իր անդամների հաճախորդներին) տեղեկացնել նրանց մասին ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի մասին:
3. Ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի և Բյուրոյի ղեկավարը կամ ծառայողը չի կարող հարցաքննվել հաճախորդի վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածում և սույն օրենքի 113-րդ, 114-րդ և 119-րդ հոդվածներով սահմանված դեպքերի ու կարգի:
(112-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-69-Ն)