Հոդված 119.2. Սույն գլխում օգտագործվող հասկացությունները
Հոդված 119.2. Սույն գլխում օգտագործվող հասկացությունները
1. Սույն գլխի իմաստով՝
1) Համակարգը էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման և գործի քննության համար անհրաժեշտ՝ սույն գլխով նախատեսված այլ գործողությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վարվող էլեկտրոնային համակարգն է.
2) էլեկտրոնային եղանակով վարվող գործը դատական գործի՝ Համակարգում գտնվող և Համակարգի միջոցով հասանելի նյութերի ամբողջությունն է.
3) Համակարգն օգտագործող անձ է (են) համարվում`
ա. այն ֆիզիկական անձը, որը քաղաքացիական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել է որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել Համակարգից օգտվելու անհնարինության մասին,
բ. իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները՝ անկախ Համակարգի միջոցով որևէ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց:
2. Սույն գլխի իմաստով՝ Համակարգի միջոցով հասանելի դարձած փաստաթղթեր (նյութեր) են համարվում այն փաստաթղթերը (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերը, ապացույցները, դատական ակտերը, դատական ծանուցագրերը), որոնք առկա են էլեկտրոնային եղանակով վարվող գործի նյութերում և տեղադրվել են Համակարգն օգտագործող անձի անձնական էջում, որը հավաստվում է Համակարգի կողմից, և դրանք հնարավոր է դիտել ու ներբեռնել Համակարգի միջոցով։ Համակարգն օգտագործող անձին որևէ փաստաթուղթ (նյութ) հասանելի դառնալու դեպքում Համակարգն օգտագործող անձն անմիջապես տեղեկացվում է Համակարգում մուտքագրված անձի բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով: