Հոդված 83. Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները
Հոդված 83. Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները
1. Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները, տեսագրությունները և դրանց էլեկտրոնային կրիչները հետազոտվում են համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ դիտման միջոցով։
2. Լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ և դրանց էլեկտրոնային կրիչները թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս դրանք ներկայացնող անձը պարտավոր է նշել` երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում են արվել այդ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները: Այդ փաստերը չբացահայտելու կամ դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու դեպքում լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները չեն հետազոտվում և հանվում են ապացույցների կազմից:
3. Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել է առանց այդ անձի համաձայնության կամ իմացության, ապա ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե օրենքը դա չի արգելում։
4. Լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ և դրանց էլեկտրոնային կրիչները թույլատրելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելիս գործին մասնակցող անձը պարտավոր է միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող այլ անձանց՝ դրան կցելով համապատասխան ապացույցի կրկնօրինակը՝ էլեկտրոնային կրիչի վրա:
5. Սույն հոդվածով սահմանված ապացույցների պահպանության և տնօրինման նկատմամբ կիրառելի են սույն օրենսգրքի 81-րդ և 82-րդ հոդվածները` այնքանով, որքանով դրանք կիրառելի են լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների նկատմամբ:
⚖Հոդված 84. Փորձագետի եզրակացությունը
1. Փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:
2. Առաջին ատյանի դատարանը, ստանալով փորձագետի եզրակացությունը, այն հնգօրյա ժամկետում ուղարկում է գործին մասնակցող անձանց:
3. Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ։
4. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր։ Այն պետք է պարունակի`
1) նշում փորձաքննություն կատարած անձի, նրա ունեցած որակավորման և մասնագիտական ստաժի մասին,
2) նշում կիրառված մեթոդների մասին,
3) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,
4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները։