Հոդված 88. Փորձաքննություն անցկացնելու կարգը
Հոդված 88. Փորձաքննություն անցկացնելու կարգը
1. Փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական հաստատությունների աշխատակիցները կամ առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված այլ մասնագետները։ Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացնել միայն փորձագետների հանձնաժողովը:
2. Առաջին ատյանի դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետների։ Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ և ընդհանուր հետևությունների հանգելու դեպքում տալու միասնական եզրակացություն։ Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն։
3. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի փորձաքննություններ կատարելու իրավասություն ունեցող անձը, ապա նա պարտավոր է կատարել պահանջվող փորձաքննությունը։ Փորձագետը պարտավոր է անհապաղ պարզել հանձնարարված փորձաքննության` իր մասնագիտական ոլորտին պատկանելու հարցը և այն առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը։
4. Փորձաքննության ընթացքին խոչընդոտող հանգամանքների առկայության, ինչպես նաև փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհնարինության այլ դեպքերում փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել առաջին ատյանի դատարանին: Առաջին ատյանի դատարանն առանց դատական նիստ հրավիրելու անհապաղ որոշում է կայացնում փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին: Որոշման մեջ նշվում են բոլոր այն միջոցառումները, որոնք պետք է կատարվեն նշված խոչընդոտները վերացնելու, ինչպես նաև փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու համար, և դրանց կատարման ժամկետը: Որոշումը կամովին չկատարելու դեպքում որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման: Որոշումը կատարվում է անհապաղ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Փորձագետն իրեն հանձնարարված փորձաքննությունն իրականացնում է անձամբ։
6. Եթե փորձաքննությունն անցկացնում է մասնագիտացված փորձագիտական հաստատությունը, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է կատարել փորձաքննություն:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)