Հոդված 304. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումը
Հոդված 304. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումը
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
3. Պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
4. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը դատարանը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
⚖Հոդված 305. Արագացված դատաքննության կարգը և ժամկետները
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
2. Եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
3. Եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
4. Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ նույն ժամկետում վերաքննիչ բողոք չի բերվում։
(305-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.12.22 ՀՕ-576-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)