Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-05-17-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 20 · ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

Հոդված 190. Գործին մասնակցող անձանց կողմից դատական ակտի նախագծի ներկայացվելը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 190. Գործին մասնակցող անձանց կողմից դատական ակտի նախագծի ներկայացվելը

1. Գործին մասնակցող անձինք մինչև գործի քննության ավարտը իրավունք ունեն գործը քննող առաջին ատյանի դատարանին ներկայացնելու միջանկյալ և եզրափակիչ դատական ակտի կամ դրա առանձին մասերի (նկարագրական, պատճառաբանական, եզրափակիչ) նախագծեր: Գործի քննությունն ավարտվելուց հետո եզրափակիչ դատական ակտի նախագիծը կարող է ներկայացվել սույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով դատարանի սահմանած ժամկետում:

2. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի յուրաքանչյուր դատական ակտի վերաբերյալ ներկայացնելու միայն մեկ նախագիծ, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննությունն սկսվում է նորից կամ վերսկսվում է, որի պարագայում կարող է ներկայացվել եզրափակիչ դատական ակտի նոր նախագիծ կամ նախկինում ներկայացված նախագծի լրացում կամ փոփոխություն:

3. Գործին մասնակցող անձի ներկայացրած դատական ակտի նախագիծն ինքնին չի հանդիսանում ապացույց, բացատրություն կամ միջնորդություն, և դրա ներկայացումը չի փոխարինում համապատասխան դատավարական գործողություններին, որոնք պետք է կատարվեն առանձին:

4. Դատական ակտի նախագիծը ներկայացվում է թղթային տեսքով: Դատական ակտի նախագծին կցվում է նախագծի տեքստի էլեկտրոնային տարբերակը՝ համապատասխան կրիչով: Սույն հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ ներկայացված դատական ակտի նախագիծը և դրա էլեկտրոնային օրինակը կցվում են գործի նյութերին:

5. Դատական ակտերի նախագծերը գործին մասնակցող անձանց հետ չեն քննարկվում:

6. Դատարանը կարող է օգտագործել սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված դատական ակտերի նախագծերը և հաշվի առնել դրանք դատական ակտ կայացնելիս, սակայն կաշկանդված չէ դրանցով և դատական ակտ կայացնելիս ինքնուրույն, իր ներքին համոզմամբ է վերլուծում գործի փաստական և իրավական հանգամանքները:

7. Դատարանի կողմից դատական ակտը կազմելիս գործին մասնակցող անձանց ներկայացրած դատական ակտերի նախագծերը մասնակի կամ լրիվ օգտագործելը կամ չօգտագործելն ինքնին չի կարող դիտարկվել որպես դատարանի կողմնակալության վկայություն, բացարկի կամ ինքնաբացարկի, դատական ակտի բողոքարկման կամ վերանայման հիմք, ինչպես նաև հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

8. Դատարանը եզրափակիչ դատական ակտում չի անդրադառնում գործին մասնակցող անձի ներկայացրած դատական ակտի նախագծին, ներառյալ` պարտավոր չէ շարադրել այն օգտագործելու կամ չօգտագործելու շարժառիթները:

(190-րդ հոդվածը փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն)

&#9878Հոդված 191. Վճիռ կայացնելիս դատարանի կողմից լուծման ենթակա հարցերը

1. Առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները,

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ փաստերն են ապացուցվել, և որոնք չեն ապացուցվել,

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերը,

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը,

5) բաշխում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը,

6) լուծում է հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու հարցը:

2. Դատարանը, անհրաժեշտ համարելով պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով ոչ ավելի, քան մեկ անգամ կարող է վերսկսել գործի դատաքննությունը:

3. Գործի դատաքննությունը վերսկսելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են դատաքննության ժամանակը և վայրը:

&#9878Հոդված 192. Վճռի բովանդակությունը

1. Առաջին ատյանի դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

2. Վճռի ներածական մասը պետք է պարունակի վճիռ կայացնող առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, վճիռը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունը (անվանումը), հայցի առարկան: Վճռի ներածական մասում պետք է նշվեն նաև գործին մասնակցող անձանց` քաղաքացու անձնագրային տվյալները, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման վկայականի համարը:

3. Վճռի նկարագրական մասը պետք է պարունակի`

1) նշում այն մասին, թե երբ է հայցը ներկայացվել առաջին ատյանի դատարան, երբ է այն ընդունվել վարույթ,

2) համապատասխան դատավարական նախապատմությունը և վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը, եթե գործը վերադաս դատարանն ուղարկել է նոր քննության,

3) նշում՝ գործին երրորդ անձանց ներգրավելու մասին,

4) հայցվորի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը` յուրաքանչյուր պահանջը, յուրաքանչյուր պահանջի իրավական և փաստական հիմքերը,

5) նշում այն մասին, թե արդյոք փոփոխվել է հայցի առարկան կամ հիմքը՝ փոփոխված լինելու դեպքում նշելով փոփոխության կատարման ամսաթիվը և փոփոխության էությունը,

6) պատասխանողի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը` հայցվորի յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակի առարկելու վերաբերյալ, առարկության իրավական և փաստական հիմքը,

7) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի 4-րդ կետով սահմանված կարգով,

8) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի համապատասխանաբար 4-րդ կամ 6-րդ կետով սահմանված կարգով,

9) հակընդդեմ հայցվորի և հակընդդեմ հայցով պատասխանողի դիրքորոշումները, որոնք շարադրվում են սույն մասի համապատասխանաբար 4-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգով,

10) նշում` սույն օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված որոշման կայացման մասին,

11) անհրաժեշտության դեպքում նշում՝ առանձին ակտի ձևով ընդունված այլ որոշումների մասին:

4. Վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի՝

1) վերլուծություն` կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումների վկայակոչմամբ, որոնք առաջին ատյանի դատարանը կիրառելի է համարում,

2) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը,

3) ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստն ապացուցելու պարտականությունից,

4) ապացուցման ենթակա փաստերը`

ա. շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը,

բ. նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա,

գ. առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը.

5) գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի կամ ոչ վերաբերելի համարելու դեպքում՝

ա. հղում այն իրավական նորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի կամ ոչ վերաբերելի,

բ. այն փաստերի շարադրանքը, որոնց հիման վրա դատարանը հանգել է եզրահանգման.

6) եզրակացություն` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավոր լինելու վերաբերյալ,

7) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը.

8) «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջեից կողմին վճարման ենթակա գումարի չափը:

5. Վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի`

1) յուրաքանչյուր պահանջը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի եզրակացությունը: Պահանջները մի քանի պատասխանողների դեմ ներկայացվելու դեպքում նշում վերջիններիս պատասխանատվության մասին, իսկ երաշխավորության դեպքում՝ նաև երաշխավոր հանդիսանալու և երաշխավորի պատասխանատվության սուբսիդիար կամ համապարտ լինելու մասին,

2) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի եզրահանգումները,

3) եզրահանգումներ` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին,

4) հայցն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու և կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,

5) վճռի բողոքարկման ժամկետը և այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը:

(192-րդ հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-36-Ն, 16.11.22 ՀՕ-436-Ն)

(19.01.21 ՀՕ-36-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.11.22 ՀՕ-436-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։