Հոդված 255. Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելը
Հոդված 255. Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելը
1. Շրջանառության հարկ վճարողը դադարում է այդպիսին համարվելուց, եթե`
1) հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին` հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը.
2) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 58.35 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.
3) տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ կամ 7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.
4) տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.
5) տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև այդ որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող հարկային տարվա ավարտը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը: