Հոդված 371. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը
Հոդված 371. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը
1. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը համապատասխան ֆինանսական ցուցանիշների տիրույթն է, որը ձևավորվում է համադրելի չվերահսկվող գործարքների նկատմամբ Օրենսգրքի 368-րդ հոդվածով սահմանված՝ առավել համապատասխան տրանսֆերային գնագոյացման մեթոդը կիրառելիս:
2. Վերահսկվող գործարքը կամ Օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն՝ համակցված գործարքը ենթակա չէ ճշգրտումների Օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը, որը ստացվել է տրանսֆերային գնագոյացման համապատասխան մեթոդի կիրառմամբ, գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթում:
3. Եթե վերահսկվող գործարքից կամ Օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն՝ համակցված գործարքից ստացված ֆինանսական ցուցանիշը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել այն` Օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, և ցանկացած նման ճշգրտում կլինի պարզած ձեռքի հեռավորության տիրույթի միջին կետ, եթե փաստերը և հանգամանքները այլ բան չեն վկայում:
4. Այլ փաստերի և հանգամանքների ապացուցման բեռը, որոնք վկայում են պարզած ձեռքի հեռավորության տիրույթի ցուցանիշների միջին կետից տարբեր ցուցանիշի օգտագործումը` ճշգրտման նպատակով, կրում է`
1) հարկ վճարողը, եթե նա հայտարարում է, որ փաստերը և հանգամանքները այլ բան են վկայում.
2) հարկային մարմինը, եթե նա հայտարարում է, որ փաստերը և հանգամանքները այլ բան են վկայում:
5. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: