Հոդված 25. Անխտրականություն
Հոդված 25. Անխտրականություն
1. Պայմանավորվող պետության ազգային անձինք չեն ենթարկվում մյուս Պայմանավորվող պետությունում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան, միևնույն հանգամանքների դեպքում, հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունները, որին ենթարկվում կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է լինի նվազ բարենպաստ, քան այդ մյուս Պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը:
3. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ կառավարվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չեն ենթարկվի առաջինը հիշատակված Պետությունում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունները, որին ենթարկվում են կամ կարող են ենթակվել առաջինը հիշատակված Պետության այլ համանման ձեռնարկությունները:
4. Սույն հոդվածի դրույթները չեն մեկնաբանվում որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին որևէ նվազեցումներ և զեղչեր, անհատական հարկային արտոնություններ շնորհելու նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա, որոնք այդ Պետությունը շնորհում է իր սեփական ռեզիդենտներին:
5. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները՝ Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարած տոկոսները, ռոյալթին և այլ վարձատրությունները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտքը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկվող կապիտալի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպես որ առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին պարտք լինելիս:
6. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող հարկերի նկատմամբ: