Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Մշտական հաստատություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Մշտական հաստատություն

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է՝ գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը հատկապես ներառում է.

ա) ղեկավարման վայր

բ) մասնաճյուղ

գ) գրասենյակ

դ) գործարան

ե) արտադրամաս

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայր

է) պահեստ, որը վերաբերում է այլ անձանց՝ պահեստավորման հարմարություններ մատուցող անձին:

3. ա) Շինարարական հրապարակը, կառուցման, տեղակայման կամ հավաքման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը, երբ այդպիսի հրապարակի, ծրագրի կամ գործունեության տևողությունը գերազանցում է 6 (վեց) ամիսը:

բ) Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտի կողմից աշխատողների կամ այլ անձնակազմի միջոցով ծառայությունների մատուցումը, ներառյալ խորհրդատվական ծառայությունները, երբ այդ բնույթի գործունեությունների տևողությունը միևնույն կամ դրա հետ կապված ծրագրի համար մյուս Պայմանավորվող պետությունում ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում գերազանցում է 6 (վեց) ամիս ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ կետերի դրույթներին՝ կհամարվի, որ «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.

ա) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեսավորման կամ ցուցադրման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման կամ ցուցադրման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,

դ) գործունեության կայուն վայրի օգտագործումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) գործունեության կայուն վայրի օգտագործումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

զ) գործունեության կայուն վայրի օգտագործումը բացառապես «ա»-«ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար, եթե այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:

5. Չնայած 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթներին՝ եթե անկախ կարգավիճակով գործակալ համարվող անձից (որին վերաբերում է 7-րդ կետը) տարբերվող անձը Պայմանավորվող պետությունում գործում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից, ապա այդ ձեռնարկությունը համարվում է առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող, եթե այդպիսի անձը՝

ա) առաջինը հիշատակված Պետությունում ունի ու սովորաբար օգտագործում է այդ ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, եթե միայն այդ անձի գործունեությունը չի սահմանափակվում ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնմամբ,

բ) չունի այդպիսի իրավասություն, սակայն առաջինը հիշատակված Պետությունում սովորաբար օգտագործում է ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահեստ, որտեղից նա ձեռնարկության անունից կանոնավորապես պատվերներ է կատարում կամ իրականացնում է առաքումներ, կամ

գ) չունի այդպիսի իրավասություն, սակայն առաջինը հիշատակված Պետությունում ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ պատվերներ է ապահովում ձեռնարկության համար կամ ձեռնարկության ու այլ այնպիսի ձեռնարկությունների համար, որոնք վերահսկվում են այդ ձեռնարկության կողմից կամ այդ ձեռնարկությունում ունեն վերահսկման շահեր:

6. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից՝ Պայմանավորվող պետության ապահովագրական ընկերությունը, բացառությամբ վերաապահովագրման դեպքերի, համարվում է մյուս Պետությունում մշտական հաստատություն ունեցող, եթե այդ Պետության տարածքում իր ծառայողի կամ անկախ կարգավիճակով գործակալ հանդիսացող անձից (որին վերաբերում է 7-րդ կետը) տարբերվող ներկայացուցչի միջոցով ընդունում է ապահովագրավճարներ կամ ապահովագրում է այնտեղ տեղակայված ռիսկերից:

7. Պայմանավորվող պետության ձեռնարկությունը չի համարվում մյուս Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ այդ մյուս Պետությունում գործունեություն է իրականացնում բրոքերի, գլխավոր կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած գործակալի միջոցով՝ պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական գործունեության շրջանակներում: Սակայն սույն կետի իմաստով այդ անձը չի դիտարկվի որպես անկախ կարգավիճակով գործակալ, եթե այդպիսի գործակալի գործունեությունը ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ իրականացվում է այդ ձեռնարկության անունից կամ այդ ձեռնարկության ու այլ այնպիսի ձեռնարկությունների անունից, որոնք վերահսկվում են այդ ձեռնարկության կողմից կամ այդ ձեռնարկությունում ունեն վերահսկման շահեր:

8. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին որևէ ընկերության չի դարձնում մյուս ընկերության մշտական հաստատությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։