Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում.
ա) «Պայմանավորվող պետություն» կամ «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Թաիլանդ,
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետությունը, և աշխարհագրական իմաստով օգտագործելիս նշանակում է տարածքը, ներառյալ ներքին ջրերը, որոնց նկատմամբ, իր ներքին օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավասություն,
գ) «Թաիլանդ» տերմինը նշանակում է Թաիլանդի Թագավորություն և ներառում է Թաիլանդի Թագավորության տարածքային ծովին հարող ծովամերձ տարածքը, որը, Թաիլանդի օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն, նշանակում է կամ կարող է նշանակել տարածք, որի ծովային հատակի և նրա ստորին շերտի բնական պաշարների նկատմամբ Թաիլանդի Թագավորությունն իրականացնում է իրավունքներ,
դ) «անձ» տերմինը ներառում է՝ ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում, ինչպես նաև յուրաքանչյուր Պայմանավորվող պետության գործող հարկային օրենքներով որպես հարկվող միավոր համարվող ցանկացած կազմավորում,
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է՝ ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
զ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
է) «հարկ» տերմինը, ենթատեքստից կախված, նշանակում է թաիլանդական հարկ կամ հայկական հարկ,
ը) «ազգային անձ» տերմինը նշանակում է.
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
ii) ցանկացած իրավաբանական անձ, միավորում կամ այլ միավոր, որը Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա ստացել է իր այդ կարգավիճակը,
թ) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է՝ ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող ծովային կամ գետային նավով, օդանավով, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փոխադրումն իրականացվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև, և
ժ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
i) Հայաստանի դեպքում՝ պետական եկամուտների նախարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը,
ii) Թաիլանդի դեպքում՝ ֆինանսների նախարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը:
2. Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիան կիրառելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նրան այդ Պետության օրենսդրությամբ տրված է այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան: