Հոդված 11. Տոկոսներ
Հոդված 11. Տոկոսներ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են՝ այդ Պայմանավորվող պետության օրենքներին համաձայն, բայց, եթե ստացողը տոկոսների փաստացի սեփականատերն է, այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 (տասը) տոկոսը՝ այն դեպքում, երբ տոկոսները ստացվում են մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից, որը
ա) Հայաստանի ռեզիդենտի դեպքում՝ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող ցանկացած հաստատություն է,
բ) Թաիլանդի ռեզիդենտի դեպքում՝ ցանկացած ֆինանսական հաստատություն է (ներառյալ ապահովագրական ընկերությունը):
3. Չնայած սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներին՝ Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության կառավարությանը, այնտեղ ստեղծված իշխանության մարմիններին, այդ մյուս Պայմանավորվող պետության կենտրոնական բանկին կամ Թաիլանդի արտահանման-ներմուծման բանկին վճարվող տոկոսները պետք է ազատվեն հարկումից առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում:
4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է՝ ցանկացած տեսակի պարտապահանջներից եկամուտը՝ անկախ հիպոթեքային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, մասնավորապես, կառավարական արժեթղթերից եկամուտը և պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից եկամուտը, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները, ինչպես նաև այն եկամուտը, որը Պայմանավորվող պետության, որտեղ առաջանում է եկամուտը, հարկման օրենքներով հավասարեցված է փոխ տված դրամից ստացված եկամտին:
5. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքը Պետությունն է, այդ Պետության տեղական իշխանությունը կամ ռեզիդենտը: Սակայն, երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդ տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
7. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: