Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով այնտեղ չի իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն: Եթե ձեռնարկությունը վերը նշված ձևով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:
2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով այնտեղ իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն շահույթը, որն այն կարող էր ստանալ նույն կամ համանման պայմաններում իրականացնելով նույն կամ համանման գործունեությունը՝ լինելով ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործելով միանգամայն անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցում համարել մշտական հաստատության գործունեության նպատակների համար կրած ծախսերը, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, ինչպես այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, այնպես էլ այլ վայրերում:
4. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության կամ մշտական հաստատության համախառն եկամտի որոշակի տոկոսի հիման վրա կամ ձեռնարկության ամբողջ շահույթն իր տարբեր ստորաբաժանումների միջև համամասնական բաշխման հիման վրա, 2-րդ կետի ոչ մի դրույթ որևէ կերպ այդ Պայմանավորվող պետությանը չի արգելի հարկման ենթակա շահույթը որոշել ընդունված եղանակի միջոցով: Այնուամենայնիվ, ընդունված եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին:
5. Ոչ մի շահույթ չի վերագրվի մշտական հաստատությանը այդ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքներ կամ արտադրանք գնվելու պատճառով:
6. Նախորդ կետերի նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթը միևնույն եղանակով որոշվում է ամեն տարվա համար, եթե հակառակն անելու համար չկա հիմնավոր և բավարար պատճառ:
7. Երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնց մասին առանձին նշվում է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա: