Հոդված 7
Հոդված 7
1. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վրա իր իրավասությունը տարածելու համար, երբ.
ա) հանցագործությունը կատարվել է այդ Պետության տարածքում.
բ) հանցագործությունը կատարվել է տվյալ Պետության դրոշի ներքո լողացող նավի վրա կամ հանցագործության կատարման պահին տվյալ Պետության օրենքներով գրանցված թռչող սարքում.
գ) հանցագործությունը կատարվել է տվյալ Պետության քաղաքացու կողմից:
2. Մասնակից Պետությունը կարող է իր իրավասությունը տարածել նաև ցանկացած նման հանցագործության նկատմամբ, երբ.
ա) հանցագործությունն ուղղված է եղել կամ հանգեցրել է տվյալ Պետության տարածքում կամ նրա քաղաքացիներից որևէ մեկի դեմ 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված հանցագործությունների կատարմանը.
բ) հանցագործությունն ուղղված է եղել արտասահմանում տվյալ Պետության պետական կամ կառավարական օբյեկտի, ներառյալ դիվանագիտական կամ հյուպատոսական հաստատությունների շինությունները, դեմ 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված հանցագործությունների կատարմանը.
գ) հանցագործությունն ուղղված է եղել կամ հանգեցրել է 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված հանցագործությունների կատարմանը՝ փորձելով Պետությանը ստիպել կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից.
դ) հանցագործությունը կատարվել է քաղաքացիություն չունեցող այնպիսի անձի կողմից, որը սովորաբար բնակվում է տվյալ Պետության տարածքում.
ե) հանցագործությունը կատարվել է տվյալ Պետության Կառավարության կողմից շահագործվող օդանավում:
3. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն սույն Կոնվենցիան վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ դրան միանալիս պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցի 2-րդ կետին համապատասխան իր իրավասությունը տարածելու մասին: Ցանկացած փոփոխության մասին համապատասխան Մասնակից Պետությունը Գլխավոր քարտուղարությանն անհապաղ ծանուցում է դրա վերաբերյալ:
4. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն ձեռնարկում է նաև անհրաժեշտ միջոցներ՝ տարածելու իր իրավասությունը 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ՝ այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում, և նա չի հանձնում այդ անձին որևէ Մասնակից Պետության, որն իր իրավասությունը տարածել է 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
5. Երբ մեկից ավելի Մասնակից Պետություններ իրենց իրավասությունը տարածում են 2-րդ հոդվածում նշված հանցագործություններից որևէ մեկի նկատմամբ, ապա համապատասխան Մասնակից Պետությունները պետք է ձգտեն, համապատասխանաբար, համակարգել իրենց գործողությունները, մասնավորապես, քրեական հետապնդման կարգի և փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման պայմանների նկատմամբ:
6. Առանց վնասելու ընդհանուր միջազգային իրավունքի նորմերը, սույն Կոնվենցիան չի բացառում Մասնակից Պետության կողմից իր ազգային օրենսդրությամբ նախատեսված որևէ քրեական իրավասության իրականացումը: