Հոդված 10. Արդար ընտրություններ
Հոդված 10. Արդար ընտրություններ
1. Արդար ընտրությունների սկզբունքի պահպանումը պետք է ապահովի հավասար իրավական պայմանների ստեղծում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար:
2. Արդար ընտրությունների անցկացման ժամանակ ապահովվում է `
ա) ընդհանուր և հավասար ընտրական իրավունք.
բ) յուրաքանչյուր թեկնածուի կամ յուրաքանչյուր քաղաքական կուսակցության (դաշինքի) ընտրարշավին մասնակցելու համար հավասար հնարավորություններ, այդ թվում` զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցների մատչելիություն.
գ) ընտրությունների, թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ընտրարշավի արդար և հրապարակային ֆինանսավորում.
դ) ազնվություն քվեարկության և ձայների հաշվարկման ժամանակ, ամբողջական և օպերատիվ տեղեկացում քվեարկության արդյունքների վերաբերյալ` ընտրությունների բոլոր արդյունքների պաշտոնական հրապարակմամբ.
ե) ընտրական գործընթացի կազմակերպում թափանցիկ և հրապարակայնորեն աշխատող անկողմնակալ ընտրական մարմինների կողմից` հասարակական և միջազգային դիտարկման ներքո.
զ) դատարանների և իրավասու այլ մարմինների կողմից քաղաքացիների, թեկնածուների և քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ընտրական իրավունքների և ազատությունների խախտումների վերաբերյալ բողոքների արագ և արդյունավետ քննարկում ընտրական գործընթացի համապատասխն փուլերի ժամկետների շրջանակներում, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերով նախատեսված կարգով իր ընտրական իրավունքների և ազատությունների պաշտպանության և վերականգնման համար միջազգային դատական մարմիններին դիմելու քաղաքացու իրավունքի ապահովում:
3. Թեկնածուները կարող են առաջադրվել համապատասխան ընտրատարածքի ընտրողների կողմից և (կամ) ինքնառաջադրման կարգով: Թեկնածուները և (կամ) թեկնածուների ցուցակները կարող են առաջադրվել նաև քաղաքական կուսակցությունների (դաշինքների), այլ հասարակական միավորումների և Սահմանադրությամբ, օրենքներում նշված` թեկնածուների և (կամ) թեկնածուների ցուցակների առաջադրման իրավունք ունեցող այլ սուբյեկտների կողմից: