Հոդված 9. Իրական ընտրություններ
Հոդված 9. Իրական ընտրություններ
1. Իրական ընտրությունների ժամանակ ապահովվում է ժողովրդի կամքի ազատ արտահայտման դրսևորումը և դրա անմիջական իրականացումը:
2. Իրական ընտրությունները հնարավորություն են տալիս ընտրողներին Սահմանադրության և օրենքների հիման վրա ընտրել թեկնածուներին: Իրական ընտրությունների ժամանակ առկա է քաղաքական կուսակցությունների գործունեության միջոցով իրականացվող քաղաքական բազմակարծություն, գաղափարական բազմակարծություն և բազմակուսակցականություն, որոնց օրինական գործունեությունը գտնվում է պետության իրավական պաշտպանության ներքո:
3. Իրական ընտրությունների ժամանակ ընտրողների համար ապահովվում է թեկնածուների, թեկնածուների ցուցակների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) և ընտրությունների ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու, իսկ թեկնածուներին, քաղաքական կուսակցություններին (դաշինքներին)` զանգվածային լրատվության և հաղորդակցման միջոցների մատչելիության ազատ հնարավորություն:
4. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակ օգտագործվում է պետական լեզուն կամ պետական լեզուները, իսկ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով` նաև պետության տարածքի բաղկացուցիչ մասերի պաշտոնական լեզուները, ազգերի և ազգությունների, ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի լեզուները` նրանց կենտրոնացված բնակության վայրերի տարածքներում:
5. Ընտրությունների նշանակումն ու ընտրական գործընթացների և ընթացակարգերի անցկացումը պետք է իրականացվեն այն կարգով և ժամկետներում, որոնք հնարավորություն կտան թեկնածուներին, քաղաքական կուսակցություններին (դաշինքներին), ընտրական գործընթացի այլ մասնակիցներին ծավալել լիարժեք նախընտրական քարոզարշավ:
6. Իրական ընտրությունները ենթադրում են հավասար և արդար պայմաններ թեկնածուների, թեկնածուների ցուցակների և քաղաքական կուսակցությունների ( դաշինքների) գրանցման համար: Գրանցման պահանջները պետք է լինեն պարզ և չպարունակեն խտրական բնույթի արտոնությունների կամ սահմանափակումների համար հիմք հանդիսացող պայմաններ: Չի թույլատրվում թեկնածուների, թեկնածուների ցուցակների և քաղաքական կուսակցությունների (դաշինքների) գրանցման մասին նորմերի ինքնակամ կամ խտրական կիրառում:
7. Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր թեկնածու և յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն (դաշինք) պետք է ճանաչի քվեարկության և ժողովրդավարական ընտրությունների արդյունքները, հնարավորություն ունենա դատական կամ այլ մարմիններում օրենքներով, պետության միջազգային պարտավորություններով նախատեսված կարգով և ժամկետներում բողոքարկել քաղաքացու ընտրական իրավունքներն ու ազատությունները խախտող քվեարկության և ըտնրությունների պաշտոնական արդյունքները:
8. Անձինք և մարմինները, որոնց գործունեությունն ուղղված է ձայների հաշվարկման, քվեարկության և ընտրությունների արդյունքները կեղծելուն, քաղաքացու` իր ընտրական իրավունքների ու ազատությունների ազատ իրականացմանը խոչընդոտելուն, այդ թվում` բոյկոտի կամ ընտրությունները բոյկոտելու կոչեր անելու ձևով ընտրական գործողություններ կամ ընտրական ընթացակարգեր կատարելուց հրաժարվելուն, պետք է հետապնդվեն օրենքով: