Հոդված 14. Ազգային դիտորդների կարգավիճակը և լիազորությունները
Հոդված 14. Ազգային դիտորդների կարգավիճակը և լիազորությունները
1. Յուրաքանչյուր թեկնածու, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն (դաշինք), այլ հասարակական միավորում (հասարակական կազմակերպություն) , ընտրողների խումբ, Սահմանադրությամբ, օրենքներում նշված` ընտրությունների այլ սուբյեկտներ իրավունք ունեն օրենքներով կամ ընտրությունները կազմակերպող մարմինների կողմից ընդունվող նորմատիվ ակտերով սահմանված կարգով նշանակել ազգային դիտորդներ, որոնք իրավունք ունեն քվեարկության օրը, այդ թվում` վաղաժամկետ քվեարկության օրը, քվեարկության համար հատկացված տարածքում իրականացնել դիտարկում:
2. Ազգային դիտորդների իրավունքներն ու պարտականությունները պետք է սահմանվեն օրենսդրությամբ:
3. Ազգային դիտորդներին պետք է տրվեն հետևյալ իրավունքները.
ա) ծանոթանալ ընտրությունների մասին օրենքներում նշված ընտրական փաստաթղթերին, տեղեկատվություն ստանալ քվեարկության համար ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվի և քվեարկությանը մասնակցած, այդ թվում` վաղաժամկետ և քվեարկության համար նախատեսված տարածքից դուրս քվեարկած ընտրողների թվի վերաբերյալ.
բ) ներկա գտնվել քվեարկության համար նախատեսված տարածքում.
գ) հետևել ընտրողներին քվեաթերթիկների հանձնմանը
դ) ներկա գտնվել վաղաժամկետ քվեարկության անցկացմանը, քվեարկության համար նախատեսված տարածքից դուրս քվեարկությանը.
ե) քվեաթերթիկների հաշվարկման ընթացակարգի տեսանելիությունն ապահովող պայմաններում հետևել ընտրողների ձայների հաշվարկմանը.
զ) հետևել ընտրական մարմնի կողմից քվեարկության, ընտրությունների արդյունքների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կազմմանը, ծանոթանալ թվեարկության արդյունքների վերաբերյալ ընտրական մարմնի արձանագրությանը, այդ թվում կրկնակի կազմվող արձանագրությանը, ազգային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով` համապատասխան ընտրական մարմնից ստանալ նշված արձանագրությունների հաստատված պատճենները.
է) քվեարկության կազմակերպման հարցերի վերաբերյալ առաջարկություններով և դիտողություններով դիմել ընտրական մարմին.
ը) բողոքարկել ընտրական մարմնի, ընտրական մարմնի անդամների որոշումները և գործողությունները (անգործությունը) անմիջական վերադաս ընտրական մարմին կամ դատարան:
4. Օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով` ազգային դիտորդների իրավունքներից կարող են օգտվել նաև թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) վստահված անձինք:
5. Ընտրական մարմինները և (կամ) այլ մարմիններն ու կազմակերպությունները կարող են օժտվել ազգային դիտորդների և ընտրությունների մյուս մասնակիցների համար ժողովրդավարական ընտրական տեխնոլոգիաների հիմունքների, ազգային ընտրական օրենսդրության, միջազգային ընտրական չափանիշների, մարդու և քաղաքացու ընտրական իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության վերաբերյալ ուսուցում կազմակերպելու լիազորություններով: