Հոդված 3. Հավասար ընտրական իրավունք
Հոդված 3. Հավասար ընտրական իրավունք
1. Հավասար ընտրական իրավունքի սկզբունքի պահպանում նշանակում է հետևյալը.
ա) յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայն կամ մյուս քաղաքացիների հետ հավասար ձայներ և մյուս քաղաքացիների հետ հավասարապես իրավունք ունի` իրականացնելու իր քվեարկելու իրավունքը, ընդ որում` նրա ձայնը (ձայները) ունի նույն ազդեցությունը, ինչ մյուս ընտրողների ձայները, ընդ որում` պետությունում կիրառվող ընտրական համակարգը չպետք է ազդի ընտրողի ձայնի (ձայների) ազդեցության վրա.
բ) միամանդատ և (կամ) բազմամանդատ ընտրական համակարգով քվեարկության անցկացման ժամանակ այդ ընտրատարածքները կազմավորվում են հավասար հիմունքով` այնպես, որ քվեարկության արդյունքները հնարավորինս ճիշտ և լրիվ արտահայտեն ընտրողի կամքը: Հավասարության սկզբունքի չափանիշները կարող են լինել ընտրողների թվի մոտավոր հավասարությունը միամանդատ ընտրատարածքում կամ ընտրողների թվի մոտավոր հավասարությունը մեկ պատգամավորական մանդատին` բազմամանդատ ընտրատարածքում: Ներկայացուցչության միջին նորմայից շեղման հիմք կարող են հանդիսանալ տարածքի դժվար հասանելիությունը և հեռավորությունը, փոքրաքանակ բնիկ ազգությունների կամ այլ ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի բնակության խտությունը:
2. Յուրաքանչյուր ընտրող ազատ քվեարկությանը մասնակցելու իր իրավունքն իրականացնելու համար ունի ընտրական տեղամաս, ինչպես նաև քվեարկության համար հատկացված տարածք մուտք գործելու հավասար և անարգել իրավունք:
3. Քաղաքացուն կարող է հնարավորություն տրվել իրականացնել քվեարկությանը մասնակցելու իր իրավունքը վաղաժամկետ քվեարկություն, քվեարկության համար հատկացված տարածքից դուրս քվեարկություն կազմակերպելու կամ ընտրողների համար քվեարկության առավել հարմար պայմաններ ապահովող ընթացակարգերի միջոցով:
4. Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հավասար իրավական հնարավորություններ ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու համար:
5. Նոր ժամկետով ընտրովի պաշտոնում առաջադրված թեկնածուների ընտրարշավին մասնակցության առանձնահատկությունների հետ կապված սահմանափակումները կարգավորվում են սահմանադրությամբ և օրենքներով: Սահմանված սահմանափակումների պահպանումը չպետք է խոչընդոտի պատգամավորների և ընտրովի պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց լիազորությունների իրականացմանն ու ընտրողների առջև իրենց ունեցած պարտականությունների կատարմանը:
6. Թեկնածուներն իրավունք չունեն ընտրվելու նպատակով օգտագործել իրենց ծառայողական կամ պաշտոնական դիրքի առավելությունները: Հավասար ընտրական իրավունքի սկզբունքների խախտումների ցանկը և այդպիսի խախտումների համար պատասխանատվության չափը սահմանվում է օրենքով: