Հոդված 13. Ընտրությունների և քարոզչական գործունեության պետական տեղեկատվական աջակցությունը
Հոդված 13. Ընտրությունների և քարոզչական գործունեության պետական տեղեկատվական աջակցությունը
1. Կողմերն ապահովում են ընտրությունների, թեկնածուների վերաբերյալ տեղեկատվության որոնման, հավաքման, տարածման ազատություն, զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցներով ընտրությունների անկողմնակալ տեղեկատվական լուսաբանում:
2. Զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցները կոչված են` բնակչությանը տեղեկացնելու ընտրությունների, թեկնածուների (թեկնածուների ցուցակների) առաջադրման, նրանց նախընտրական ծրագրերի (պլատֆորմների) մասին, ընտրարշավի ընթացքի, քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին, իրականացնելու իրենց գործունեությունը Սահմանադրության, օրենքների, պետության միջազգային պարտավորությունների շրջանակներում:
3. Օրենսդրությանը համապատասխան` զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն.
ա) ներկա գտնվելու ընտրական մարմինների նիստերին` ապահովելով նրանց գործունեության հրապարակայնությունը և թափանցիկություն.
բ) ծանոթանալու քվեարկության ու ընտրությունների արդյունքների վերաբերյալ համապատասխան ընտրական մարմինների փաստաթղթերին և նյութերին, պատրաստելու կամ համապատասխան ընտրական մարմնից ստանալու նշված փաստաթղթերի և նյութերի պատճենները, փոխանցել դրանք` զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցներով հրապարակելու համար.
գ) ներկա գտնվելու հրապարակային քարոզչական միջոցառումներին, լուսաբանելու դրանց անցկացման ընթացքը զանգվածային լրատվության միջոցներով.
դ) ներկա գտնվելու քվեարկության անցկացմանը, ընտրողների ձայների հաշվարկմանը, քվեարկության և ընտրությունների արդյունքների ամփոփմանը:
4. Քաղաքացիների, թեկնածուներին, թեկնածուներ և (կամ) թեկնածուների ցուցակներ առաջադրած քաղաքական կուսակցություններին (դաշինքներին) , այլ հասարակական միավորումներին, հասարակական կազմակերպություններին երաշխավորվում է օրենքով թույլատրելի ցանկացած ձևով և օրինական մեթոդով քարոզչական գործունեության անցկացման ազատություն` օրենքներով նախատեսված կարգով և ժամկետներում, բազմակարծության, գրաքննության բացակայության պայմաններում:
5. Ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) համար, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետք է ապահովվի զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցներով իրենց նախընտրական քարոզչությունն անցկացնելու, ինչպես նաև իրենց նախընտրական ծրագրերի (պլատֆորմների) դրույթները շարադրելու հնարավորության հավասար պայմաններ:
6. Քարոզչական գործունեություն իրականացնելու ժամանակ չի թույլատրվում խոսքի ազատության և զանգվածային լրատվության միջոցների ազատության չարաշահում, այդ թվում` իշխանությունը բռնի զավթելու, սահմանադրական կարգը բռնի փոխելու և պետության տարածքային ամբողջականությունը խախտելու կոչեր, պատերազմի, ահաբեկչության, ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական ատելություն և թշնամանք հրահրող կոչեր:
7. Սույն կոնվենցիայի մասնակից մի պետության զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցները չեն կարող օգտագործվել մեկ այլ պետության տարածքում ընտրությունների անցկացման ժամանակ քարոզչությանը մասնակցելու նպատակով:
8. Թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) կողմից քարոզչության անցկացման պայմանների և կարգի խախտումների ցանկը, ինչպես նաև ընտրարշավի լուսաբանմանը զանգվածային լրատվության միջոցների այնպիսի մասնակցությունը, որը հիմք կհանդիսնա պատասխանատվության առաջացման համար, սահմանվում են օրենքներով: