Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Միջազգային դիտորդական կարգավիճակը և լիազորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Միջազգային դիտորդական կարգավիճակը և լիազորությունները

1. Կողմերը հաստատում են, որ միջազգային դիտորդների ներկայությունը նպաստում է ընտրությունների թափանցիկությանը և հրապարակայնությանը, պետությունների միջազգային պարտավորությունների պահպանմանը: Նրանք կձգտեն աջակցել միջազգային դիտորդների մասնակցությանն ավելի ցածր, քան համազգային մակարդակով` ընդհուպ մինչև համայնքային (տեղական) մակարդակով անցկացվող ընտրական ընտրական գործընթացներին:

2. Միջազգային դիտորդների գործունեությունը կարգավորվում է ընդունող պետության օրենքներով, սույն Կոնվենցիայով, միջազգային այլ փաստաթղթերով:

3. Միջազգային դիտորդները երկրի տարածք մուտք գործելու թույլտվություն են ստանում օրենքով սահմանված կարգով և հավատարմագրվում են համապատասխան ընտրական մարմնի կողմից` համապատասխան հրավերի առկայության դեպքում: Հրավերները կարող են ուղարկվել օրենքով լիազորված մարմինների կողմից ընտրությունների նշանակման մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո: Հրավերների ուղարկման առաջարկները կարող են ներկայացվել Անկախ Պետությունների Համագործակցության հիմնադիր մարմինների կողմից:

4. Կենտրոնական ընտրական մարմինը միջազգային դիտորդին հանձնում է սահմանված նմուշի հավատարմագրման վկայական: Այդպիսի վկայականն իրավունք է տալիս միջազգային դիտորդին իրականացնելու դիտարկում ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում:

5. Ընդունող երկրի տարածքում միջազգային դիտորդը գտնվում է տվյալ պետության հովանավորության ներքո: Ընտրական մարմինները, պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են իրենց իրավասությունների սահմաններում նրանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

6. Միջազգային դիտորդն իր գործունեությունն իրականացնում է ինքնուրույն և անկախ: Միջազգային դիտորդի գործունեության նյութաֆինանսական ապահովվածությունը կատարվում է դիտորդին ուղարկող կողմի կամ նրա անձնական միջոցների հաշվին:

7. Միջազգային դիտորդներն իրավունք չունեն օգտագործելու իրենց կարգավիճակը ընտրարշավի ընթացքը դիտարկելու հետ առնչություն չունեցող գործունեություն իրականացնելու համար: Կողմերն իրենց իրավունք են վարապահում հավատարմագրումից զրկել այն միջազգային դիտորդներին, որոնք խախտում են օրենքները, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները և նորմերը:

8. Միջազգային դիտորդներն իրավունք ունեն`

ա) ստանալ ընտրական գործընթացը կարգավորող բոլոր փաստաթղթերը (ազգային անվտանգության շահերին չառնչվող), ընտրական մարմիններից անհրաժեշտ տեղեկատվություն և ազգային օրենքներում նշված ընտրական փատաթղթերի պատճենները.

բ) շփվել քաղաքական կուսակցությունների, դաշինքների, թեկնածուների, մասնավոր անձանց, ընտրական մարմինների աշխատակիցների հետ.

գ) ազատ այցելել բոլոր ընտրական տեղամասերը և քվեարկության համար նախատեսված տարածքները, այդ թվում` քվեարկության անցկացման օրը.

դ) հետևել քվեարկության ընթացքին, ձայների հաշվարկմանը և դրանց արդյունքների ամփոփմանը քվեաթերթիկների հաշվարկման ընթացակարգի տեսանելիությունն ապահովող պայմաններում.

ե) ծանոթանալ ընտրությունների մասին օրենսդրության խախտման հետ կապված բողոքների (դիմումների) և գանգատների քննարկման արդյունքներին.

զ) առանց միջամտելու ընտրություններն իրականացնող մարմնի աշխատանքներին` տեղեկացնել ընտրական մարմինների ներկայացուցիչներին իրենց դիտարկումների, առաջարկությունների մասին.

է) քվեարկության ավարտից հետո հրապարակայնորեն շարադրել իրենց կարծիքը ընտրությունների նախապատրաստման և անցկացման մասին.

ը) ընտրությունների կազմակերպիչներին, պետական իշխանության մարմիններին և համապատասխան պաշտոնատար անձանց ներկայացնել ընտրությունների ընթացքի դիտարկման արդյունքների վերաբերյալ իրենց եզրակացությունը:

9. Միջազգային դիտորդները պետք է`

ա) պահպանեն ընդունող երկրի Սահմանադրությունը և օրենքները, սույն Կոնվենցիայի, միջազգային այլ փաստաթղթերի դրույթները.

բ) իրենց մոտ ունենան ընդունող երկրի սահմանած կարգով հանձնված միջազգային դիտորդի հավատարմագրման վկայականը և այն ներկայացնեն` ընտրությունների կազմակերպիչների պահանջով.

գ) կատարեն իրենց գործառույթները` ղեկավարվելով քաղաքական չեզոքության, անկողմնակալության սկզբունքներով, հրաժարվելով ընտրական մարմինների, պետական և այլ մարմինների, պաշտոնատար անձանց, ընտրական գործընթացի մասնակիցների վերաբերյալ ցանկացած նախապատվություն կամ գնահատական տալուց.

դ) չմիջամտեն ընտրական գործընթացին.

ե) իրենց բոլոր եզրակացությունները հիմնեն դիտարկման և փաստական նյութերի վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։