Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԿԱԶՄԸ

Հոդված 11. Արբիտրների նշանակումը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 11. Արբիտրների նշանակումը

1. Կողմերն ազատ են արբիտրաժային համաձայնությամբ սահմանելու արբիտրին ներկայացվող ցանկացած պահանջ: Ոչ ոք չի կարող իր քաղաքացիության պատճառով զրկվել արբիտր նշանակվելու իրավունքից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: Արբիտր կարող է լինել 18 տարին լրացած յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ, եթե կողմերի համաձայնությամբ ավելի բարձր տարիք նախատեսված չէ:

2. Կողմերն ազատ են համաձայնեցնելու արբիտրի կամ արբիտրների նշանակման ընթացակարգը` սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի դրույթների պահպանմամբ:

3. Եթե վերոհիշյալ համաձայնությունը բացակայում է`

1) երեք կամ ավելի արբիտրներով իրականացվող արբիտրաժի դեպքում յուրաքանչյուր կողմը նշանակում է հավասար թվով արբիտր, և այդ կերպ նշանակված արբիտրները ձայների մեծամասնությամբ նշանակում են վերջին արբիտրին, որը հանդես է գալիս որպես տրիբունալի նախագահող: Եթե մի կողմը արբիտր նշանակելու մասին մյուս կողմի պահանջը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, չի նշանակում արբիտր, կամ կողմերի նշանակած արբիտրներն իրենց նշանակման օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, համաձայնություն ձեռք չեն բերում վերջին արբիտրի նշանակման շուրջ, ապա կողմի խնդրանքով նշանակումը կատարում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարանը.

2) միանձնյա արբիտրի մասնակցությամբ արբիտրաժի դեպքում, եթե կողմերը չեն համաձայնվում արբիտրի նշանակման շուրջ, ապա կողմի խնդրանքով նշանակումը կատարում է այն կողմերի արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված նշանակողը, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարանը:

4. Եթե նշանակման ընթացակարգի վերաբերյալ համաձայնությունը չի նախատեսում նշանակումն ապահովող այլ միջոցներ, ապա կողմերից յուրաքանչյուրն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով կարող է դիմել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարան այն դեպքերում, երբ կողմերի համաձայնեցրած ընթացակարգը կիրառելիս`

1) կողմերից մեկը չի գործում դրա պահանջներին համապատասխան, կամ

2) կողմերը կամ կողմերի նշանակած արբիտրները չեն կարողանում համաձայնության գալ սահմանված ընթացակարգի համաձայն, կամ

3) սահմանված ընթացակարգի շրջանակներում երրորդ կողմը, ներառյալ` հաստատությունը, չի կատարում իրեն վերապահված որևէ գործառույթ:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված հարցերի վերաբերյալ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն: Դատարանը արբիտրին նշանակելիս պարտավոր է հաշվի առնել նրա որակավորման վերաբերյալ կողմերի համաձայնության մեջ առկա պահանջները և այն հանգամանքները, որոնք կարող են ապահովել անկախ և անաչառ արբիտրի նշանակումը, իսկ միանձնյա կամ երրորդ արբիտր նշանակելիս պարտավոր է հաշվի առնել նաև կողմերի երկրների քաղաքացի չհանդիսացող անձին որպես արբիտր նշանակելու նպատակահարմարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։