Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Արբիտրաժային տրիբունալի` իր իրավասության վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 16. Արբիտրաժային տրիբունալի` իր իրավասության վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը

1. Արբիտրաժային տրիբունալը իրավասու է որոշում կայացնել իր իրավասության, ներառյալ` արբիտրաժային համաձայնության առկայության կամ վավերականության վերաբերյալ: Այս նպատակով արբիտրաժային վերապահումը, որը հանդիսանում է պայմանագրի բաղկացուցիչ մաս, պետք է մեկնաբանվի որպես պայմանագրի մյուս մասերից անկախ համաձայնություն: Պայմանագրի ուժը կորցրած լինելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումը չի հանգեցնում արբիտրաժային վերապահման անվավերության:

2. Արբիտրաժային տրիբունալի իրավասության բացակայության վերաբերյալ հայտարարությունը կարող է արվել ոչ ուշ, քան մինչև հայցի վերաբերյալ պատասխան ներկայացնելը: Կողմի` արբիտր նշանակելու կամ արբիտրի նշանակմանը մասնակցելու հանգամանքը նրան չի զրկում այդպիսի հայտարարություն անելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի կողմից իր իրավասությունը գերազանցելու վերաբերյալ հայտարարությունը պետք է արվի անմիջապես այն բանից հետո, երբ կողմի կարծիքով արբիտրաժի ընթացքում շոշափվում է այնպիսի հարց, որը դուրս է արբիտրաժային տրիբունալի իրավասության շրջանակից: Արբիտրաժային տրիբունալը ցանկացած դեպքում կարող է ընդունել ուշացված հայտարարությունը, եթե ուշացումը համարի հարգելի:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հայտարարության վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը կարող է կայացնել որոշում` կամ որպես նախնական բնույթ ունեցող հարցի վերաբերյալ, կամ անդրադառնալ դրան գործն ըստ էության լուծող որոշման մեջ: Եթե արբիտրաժային տրիբունալը իր իրավասության վերաբերյալ, որպես նախնական բնույթ ունեցող հարցի, կայացնում է որոշում, ապա կողմերից յուրաքանչյուրն այդ որոշման մասին տեղեկացում ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, կարող է դիմել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարան` տվյալ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու հայցով, որի կայացրած ակտը բողոքարկման ենթակա չէ: Մինչև դատարանի կողմից այդ հարցի լուծումը արբիտրաժային տրիբունալը կարող է շարունակել արբիտրաժային վարույթը և վճիռ կայացնել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։