Հոդված 4
Հոդված 4.
Օրենսգրքի 124 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 124. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը, լուսացույցի կամ կարգավորողի տեղից արգելող ազդանշանին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկելի մասի գծանշման պահանջները խախտելը, խաչմերուկների, հասարակական տրանսպորտի կանգառների, հետիոտնային անցատեղերի անցման, վազանցի, շարքերի փոփոխման, մարդկանց փոխադրման, օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում լուսասարքերից օգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված խախտումներից, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված խախտումները, որոնք առաջացրել են վթարային իրադրություն`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկից մինչև ութապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ ամիս ժամանակով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված ձայնային ազդանշան տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության աշխատողի պահանջը վարորդների կողմից չկատարելը կամ դեպքի վայրից ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի ինքնակամ հեռանալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկից մինչև ութապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկից մինչև երեք ամիս ժամանակով:
Ծանոթագրություն. 1. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության աշխատողի պահանջն արտահայտվում է ձեռքի շարժումով կամ ձողիկով ազդանշան տալով` սուլիչի միաժամանակյա ազդանշանով, ինչպես նաև բարձրախոս սարքի միջոցով: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթարային իրադրություն:
2. Սույն օրենսգրքի 125-134 հոդվածներում վթարային իրադրություն ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցների վարորդների կատարած այն գործողությունները, որոնք երթևեկության մյուս մասնակիցներին հարկադրել են կտրուկ փոխել իրենց տրանսպորտային միջոցների արագությունը, շարժման ուղղությունը կամ ձեռնարկել սեփական անվտանգության կամ այլ քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված այլ միջոցներ»: