Հոդված 40
Հոդված 40.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 73.1, 97.2 և 137.1 հոդվածներով`
«Հոդված 73.1. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՄՔԻ, ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի ստեղծման համար կիրառվող հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության և ծառայությունների ապօրինի արտահանումը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, ապօրինաբար արտահանվող հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների բռնագրավմամբ:
Միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման համար կիրառվող հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության և ծառայությունների ապօրինի արտահանումը`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից մինչև տասը տարի ժամանակով, ապօրինաբար արտահանվող հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների բռնագրավմամբ»:
«Հոդված 97.2. ԱՌևՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ
Պետական ծառայողի կողմից պաշտոնեական պարտականությունները կատարելիս իրեն հայտնի դարձած առևտրային գաղտնիքը հրապարակելը կամ օգտագործելը`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով»:
«Հոդված 137.1. ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԱՆՁԱՆՑ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼԸ
Զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամկետային զինվորական ծառայությունից չազատված կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում չունեցող արական սեռի անձանց` աշխատանքի ընդունման կանոնների խախտումով աշխատանքի ընդունելը, եթե այն կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից մինչև երկու տարի ժամանակով»: