Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`
1) «գրավատու»` անձ, ում գույքը կամ գույքի մի մասը գրավ է դրված.
2) «գրավառու»` անձ, ում շահերը հիմնական պարտավորությանը համապատասխան ապահովված են գրավով.
3) «գրավի մասին պայմանագիր»` գրավ սահմանելու մասին կողմերի գրավոր համաձայնությունը.
4) «անշարժ գույք»` գույք, որն անբաժան է և ամրացված է հողին, այն է` շենքեր, շինություններ, բնակարաններ, գույքային համալիրներ (ձեռնարկություններ), բազմամյա տնկիներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գույք.
5) «անշարժ գույքի գրավ (հիփոթեք)»` գրավի տեսակ, որի դեպքում գրավ դրված անշարժ գույքը կամ դրա մի մասը թողնվում է գրավատուի կամ երրորդ անձի տիրապետմանը և օգտագործմանը.
6) «շարժական գույք»` գույք, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանված չէ որպես անշարժ գույք.
7) «գույքը գրավառուին հանձնելով գրավ»` շարժական գույքի գրավը, որի դեպքում գրավականը հանձնվում է գրավառուի տիրապետմանը.
8) «շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ»` հումքի, կիսաֆաբրիկատների, համալրող արտադրանքի, անշարժ գույք չհանդիսացող պատրաստի արտադրանքի գրավ.
9) «իրավունքների գրավ»` գրավատուին սեփականության իրավունքով պատկանող գույքի տիրապետման, օգտագործման, այդ թվում` վարձակալական իրավունքները, քաղաքացիաիրավական պարտավորություններից բխող պահանջի և գույքային այլ իրավունքների գրավը: