Հոդված 9. Պայմանավորվող կողմի և ներդրողի միջև վեճերը
Հոդված 9. Պայմանավորվող կողմի և ներդրողի միջև վեճերը
1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև ցանկացած իրավական վեճ` կապված մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրման հետ, պետք է հնարավորության սահմաններում կարգավորվի բարեկամաբար` վեճին մասնակից կողմերի բանակցությունների միջոցով:
2. Եթե վեճը չի լուծվել 3 (երեք) ամսվա ընթացքում, սկսած գրավոր կերպով այն ներկայացնելու օրվանից, ապա ներդրողի ընտրությամբ այն կարող է փոխանցվել.
ա) այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարաններին, որի տարածքում կատարվել է ներդրումը,
բ) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) միջնորդ դատավարությանը, որը հիմնվել է Պետությունների և այլ Պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման կոնվենցիայի հիման վրա, որը ստորագրման համար բաց է 1965 թ. մարտի 18-ից` Վաշինգտոնում (այսուհետ՝ Կենտրոն), պայմանով, որ և՜ վեճին մասնակից Պայմանավորվող կողմը, և՜ ներդրողի Պայմանավորվող կողմը հանդիսանում են այդ կոնվենցիայի (ICSID) կողմեր, կամ
գ) վարույթների լրացուցիչ կանոնների շրջանակներում գործող Կենտրոնի միջնորդ դատավարությանը, եթե վեճին մասնակից Պայմանավորվող կողմը կամ ներդրողի Պայմանավորվող կողմը ICSID կոնվենցիայի կողմ է, կամ
դ) ցանկացած ad hoc միջնորդ դատարանի. որը պետք է ստեղծվի Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) արբիտրաժային կանոնների համաձայն, եթե վեճին մասնակցող կողմերը այլ համաձայնության չեն եկել:
3. Ներդրողը, որը վեճը ներկայացրել է ազգային դատարանին, կարող է, այնուամենայնիվ, դիմել սույն հոդվածի 2-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերում նշված միջնորդ դատարաններին, քանի դեռ ազգային դատարանը վճիռ չի կայացրել խնդրո առարկայի վերաբերյալ, ներդրողը կարող է հայտարարել, որ այլևս չի շարունակում գործը ազգային ընթացակարգերով և հետ է վերցնում այն:
4. Վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմերը պարտավորվում են արբիտրաժային գործընթացի կամ արբիտրաժային որոշման իրականացման ցանկացած փուլում չփաստարկել այն հանգամանքը, որ վեճի կողմ հանդիսացող ներդրողը ապահովագրության հիման վրա ստացել է վնասների լիովին կամ մասնակի փոխհատուցում:
5. Սույն հոդվածով ստեղծված Միջնորդ դատարանը իր որոշումները կայացնում է համաձայն այն Պայմանավորվող կողմի ազգային օրենքների և այլ իրավական ակտերի, որը հանդիսանում է վեճին մասնակից կողմ, ինչպես նաև` սույն Համաձայնագրի դրույթների և միջազգային իրավունքի կիրառելի կանոնների:
6. Միջնորդ դատարանի վճիռը վերջնական և պարտադիր է վեճին մասնակից երկու կողմերի համար: Երկու Պայմանավորվող կողմերն էլ պետք է պարտավորվեն կիրարկել այդ որոշումը: