Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
1. «Ներդրում» տերմինը նշանակում է` ցանկացած տեսակի գույք, որը ներդրվում է մի Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում՝ նրանցից յուրաքանչյուրի օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, և մասնավորապես, սակայն ոչ բացառապես ներառում է.
ա) շարժական և անշարժ գույքը և առնչվող գույքային իրավունքները, ինչպես, օրինակ, վարձակալությունը, գրավադրությունը, գրավի իրավունքը և գրավը,
բ) բաժնետոմսերը, բաժնեմասերը և պարտքային պարտավորությունները կամ ընկերություններում մասնակցության ցանկացած այլ ձև,
գ) դրամական կամ պայմանագրի շրջանակներում որևէ տնտեսական արժեք ունեցող պարտավորության կատարման պահանջները,
դ) մտավոր սեփականության իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները, ապրանքանիշները, արտոնագրերը, արդյունաբերական նախագծերը և տեխնիկական գործընթացները, նոու-հաուն, առևտրային գաղտնիքները, առևտրային անունները և բարի համբավը,
ե) օրենքով կամ պայմանագրով տրամադրված գործարար կոնցեսիաները, ներառյալ բնական պաշարների հետազոտման, մշակման, արդյունահանման կամ շահագործման կոնցեսիաները:
Գույքի ձևի որևէ փոփոխությունը, որով այն ներդրվել կամ վերաներդրվել է, չի ազդի նրա դիտարկմանը որպես ներդրման` պայմանով, որ այդ փոփոխությունը համապատասխանի այն Պայմանավորվող կողմի օրենքներին և այլ իրավական ակտերին, որի տարածքում ներդրումները իրականացվել են:
2. «Ներդրող» տերմինը նշանակում է` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ներդրում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:
ա) Հայաստանի Հանրապետության համար.
1. «ֆիզիկական անձ» նշանակում է` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք.
2. «իրավաբանական անձ» նշանակում է` իրավաբանական հաստատություններ, որոնք ստեղծվել կամ հիմնադրվել են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի:
բ) Լատվիայի Հանրապետության համար.
1. «ֆիզիկական անձ» նշանակում է` Լատվիայի Հանրապետության քաղաքացիներ, ինչպես նաև Լատվիայում մշտապես բնակվող անձինք, որոնք Լատվիայի կամ որևէ այլ պետության քաղաքացիներ չեն, սակայն իրավունք ունեն, Լատվիայի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, ստանալու ոչ քաղաքացու անձնագիր.
2. «իրավաբանական անձ» նշանակում է` ընկերություններ, ընկերակցություններ և հաստատություններ, որոնք ստեղծվել կամ հիմնադրվել են՝ համաձայն Լատվիայի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի.
3. «Եկամուտ» տերմինը նշանակում է` ներդրման արդյունքում ստացված դրամական գումարներ և, մասնավորապես, շահույթ, տոկոսներ, կապիտալի աճ, դիվիդենտներ, ռոյալթիներ, լիցենզավորման վճարներ կամ այլ վճարումներ.
4. «Տարածք» տերմինը նշանակում է` Պայմանավորվող կողմերի հողային տարածք, ներքին ջրեր ու ծովային տարածք և դրանց օդային տարածություն, ինչպես նաև տարածքային ջրերից դուրս տարածվող մերձափնյա և ստորջրյա տարածքներ, որոնց նկատմամբ Պայմանավորվող կողմը իրականացնում է ինքնիշխան իրավունքներ կամ իրավասություն, համաձայն իր գործող ազգային օրենքների և միջազգային իրավունքի, նման տարածքների բնական ռեսուրսների հետազոտման և շահագործման նպատակով: